Լուրեր
Վարչապետը ՀԽ անդամների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր
28.02.2014
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրին, ինչպես նաև մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի:
Հանրային խորհրդի նախագահը ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի առաջարկություններ, մասնավորապես՝ նվազեցնել ներկայացված 5 տոկոսի շեմը` հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել և այլն:
Վարչապետ Սարգսյանն, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց: «Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն և երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է: Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց և այժմ այն գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այն, որ կենսաթոշակային բարեփոխման հարցում հասարակությունը ներկայացնում է իր կարծիքը, քանի որ դա նպաստում է նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Այս բարեփոխմանն այլընտրանք չունենք, քանի որ ներկայիս երիտասարդները ծերացող բնակչության պայմաններում չեն կարողանա ապահով ծերություն ունենալ: Միջազգային փորձագետները նույնպես նշում են, որ ունենք պատմական շանս, հակառակ դեպքում` բարեփոխման գինը թանկ է լինելու: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ այսօր բողոքող երիտասարդների համար ապահով, բարեկեցիկ ծերություն ապահովելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ եթե 10 տոկոսից քիչ խնայվի, ապա համակարգն անիմաստ, անարդյունավետ կլինի: Դրա համար էլ պետությունը կրկնապատկում է խնայվող հինգ տոկոսը:
«Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 20 մլդ դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս նշեց, որ այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետև գործատուի և աշխատողի միջև համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաև, որ կուտակվող եկամուտների փոշիանալու միակ ճանապարհը համաշխարհային տնտեսական կոլապսը կլինի, քանի որ պետությունը ստեղծելու է պահուստային հիմնադրամ, որը երաշխավորելու է բարդ ժամանակահատվածում խնայողությունների վերադարձը՝ հաշվի առնելով նաև գնաճը:
«Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդանավակայանի կոնցեսիոների հետ աշխատանքները շարունակվում են, որպեսզի գտնվի այնպիսի լուծում, որից բավարարված կլինեն և կառավարիչը, և հասարակությունը: Առաջարկվել է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաև Հանրային խորհրդին:
Հանդիպմանը ՀԽ անդամների կողմից բարձրացվել է նաև Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների խնդիրներին: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ հետևողական լինելու համար և նշել, որ այժմ ՀՀ բնապահպանության տեսչությունն աշխատանքներ է տանում՝ անօրինական գործող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու և ջրային հնարավոր աղետը կասեցնելու համար:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման հանդիպումները: