Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԻՆ
26.02.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Միլլերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին:
Արձանագրելով, որ 2002 թվականից հաջողվել է էապես բարձրացնել Հայաստանում գազիֆիկացման մակարդակը, գազի սպառման ծավալն ու գազամատակարարման հուսալիությունը, կողմերը քննարկել են «Գազպրոմ»-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումից հետո, հետագա համատեղ աշխատանքներին, ինչպես նաև գազի սակագնին և գնագոյացմանը վերաբերող հարցեր: