Լուրեր
Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
24.02.2014
Փետրվարի 24-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով:
Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց նաեւ ԱԺ չորսօրյա նիստերի գումարման օրերը տեղափոխելու մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի՝ մարտի 17-20-ի չորսօրյա նիստերի գումարման օրերը կտեղափոխվեն մարտի 10-13-ը, իսկ ապրիլի 7-10-ի չորսօրյա նիստերի գումարման օրերը՝ մարտի 24-27-ը:
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում զոհվածների հիշատակը: Պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում օրենսդիր մարմնում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք միջնակարգ հաստատությունների աշակերտներին ու ուսուցիչներին:
Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը, վավերացրեց միջազգային պայմանագրերը եւ ավարտեց նախորդ նիստում ընդհատված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացվող հայկական օդանավ շահագործողների համար օտարերկրյա ավիաընկերությունների հետ հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն, նրանց կողմից նոր եւ ժամանակակից օդանավերով համալրելուն եւ փոքր ավիացիայի զարգացմանը:
Պատգամավորները քննարկեցին ԱԺ պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված, Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Հիմնական զեկուցող, նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված` «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», ինչպես նաեւ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրերն Ազգային ժողովում քննարկելու ընթացքում հանրության լայն շրջանում առաջացել են բազմաթիվ հարցադրումներ, որոնք ուսումնասիրության եւ պարզաբանման կարիք ունեն:
ՀՀ Ազգային ժողովի այս որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` խնդիր դնելով ուսումնասիրել եւ եզրակացություն ներկայացնել նշված հարցադրումների կապակցությամբ:
Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ իրենք կողմ են բովանդակային, իրատեսական քննարկումներին եւ դեմ են դրա հետ կապված քաղաքական որեւէ ենթատեքստի:
Հանձնաժողովի խնդիրներն են` բնական գազի մատակարարման եւ օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկա վիճակի, գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորման օրինականության ու չափի հիմնավորվածության եւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունները, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունների կանխատեսումները, Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձեւավորման գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը, սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մեխանիզմի համապատասխանությունը միջազգային պրակտիկային եւ ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ որոշման համաձայն՝ հանձնաժողովի նիստերը դռնփակ են լինելու՝ բացառությամբ հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից կընդգրկվեն 4 պատգամավոր, ԲՀԿ-ից՝ 2 պատգամավոր, մյուս խմբակցություններից՝ մեկական պատգամավոր:
Հիմնական զեկուցողը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին եւ նախագծի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:
Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 25-ի ԱԺ նիստում: