Լուրեր
Կառավարությունը քննարկել է գազի կալորիականության հարցը. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով
20.02.2014
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Սկսենք մեր այսօրվա աշխատանքը: Գազի կալորիականության խնդիրը մնում է մեր հասարակությանը հետաքրքրող, մտահոգող հարցերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պարզաբանումներ մասնագետների կողմից տրվել են, դեռևս կան կասկածներ այն մասով, թե արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն տվյալներին, որ մենք հրապարակում ենք, արդյոք գազի որակը փոփոխվել է, և մենք պարտավոր ենք այս բոլոր հարցերի պատասխանը սպառիչ ձևով ներկայացնել մեր հանրությանը: Առաջին հերթին ցանկանում եմ դիմել Ռոբերտ Նազարյանին՝ լսելով իր կարծիքը՝ ինչպես մենք կարող ենք մասնագիտական եզրակացությունները պարզ, մատչելի ձևով ներկայացնել մեր հանրությանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դուք ճիշտ նշեցիք, որ վերջին ժամանակներս, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք շատ են բողոքում գազի որակի հետ կապված, մասնավորապես, կալորիականության, որ չի համապատասխանում 7900 կիլոկալորիա ստանդարտին: Մենք փորձում ենք բացատրել այն մեխանիզմները, որոնք այսօր կան և գործում են: Որո՞նք են դրանք: Նախ, սահմանի վրա գազի կալորիականությունը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտներ ունենք Հայաստանի Հանրապետությունում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, որոնք նույնպես որպես գազի խոշոր սպառողներ շահագրգռված են, որպեսզի կալորիականությունը լինի այնպիսին, ինչպիսին ամրագրված է ստանդարտներում: Սակայն այս ցուցանիշները ևս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին: Ես հանդիպում եմ ունեցել Գործարարների միությունում, և այս հարցը քննարկման առարկա է դարձել: Ես առաջարկել եմ գործարարներին, որպեսզի նրանք համախմբվեն, կարողանան ձեռք բերել լաբորատորիա, որի շուկայական գները 25-60 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում են տատանվում, որ կարողանան նրանք էլ չափել, համոզվել կալորիականության մեջ: Այդ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին, ցավոք, մինչ օրս, ես վստահաբար ասում եմ, որ նման քայլ գործարարների կողմից չի կատարվել: Վերջին ժամանակներս, նաև պայմանավորված խիստ ձմեռով, նաև մեր ֆերմերներն են բողոքում, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, որ կալորիականությունը շատ ցածր է: Նախորդ տարիներին նրանք ավելի քիչ գազ վառելով ունեցել են համապատասխան ջերմություն, այսօր կրկնակի են վառում: Ես դա պայմանավորում եմ այս տարվա խստաշունչ ձմեռով: Որպեսզի մենք կարողանանք համոզիչ լինել, կարծում եմ, պարոն վարչապետ, ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայից, որովհետև վերջերս նաև հնչում է, որ ազոտը գազի բաղադրությունից հանում ենք և ծավալը մեծացնում ենք, Հանրային խորհրդից ներգրավենք, Գործարարների միությունից, հասարակական կազմակերպություններից, հասկանանք այս մեխանիզմի մեջ էլ ինչ կարելի է անել, որպեսզի վստահությունը գազի կալորիականության նկատմամբ հանրության կողմից մեծանա և դառնա համոզիչ: Նաև պատրաստ ենք մենք մեր մասնակցությունը բերել, նաև էներգետիկայի նախարարությունը մասնակցի: Սա է իմ առաջարկությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, մասնագետները, պարոն Նազարյան, մեզ ներկայացրել են եզրակացություն, որ կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնելն անհնարին է:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Այո:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Փաստորեն Ձեր առաջարկը կայանում է նրանում, որ ստեղծենք հանձնաժողով՝ ներգրավելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան իրենց այդ բացատրությունները ներկայացնել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան - Սա մի մասով, իսկ երկրորդ մասով ամբողջ այդ մեխանիզմի, շղթայի մեջ փորձենք տեսնել՝ էլ ինչ գործիքներ կարող ենք մտցնել, որպեսզի այդ չափագրումների ժամանակ մենք դառնանք ոչ միակողմանի, ինչպես հանրությունն է փորձում մեզ մեղադրել, այլև լինեն ոչ կողմնակալ կառույցներ: Մասնավորապես, Չափագիտության ազգային ինստիտուտը թեպետ այսօր անուղղակի մասնակցում է այդ գործընթացին՝ լաբորատորիաների սերտիֆիկացման հետ կապված, բայց նաև մի լաբորատորիա էլ նրանց համար գնենք, նրանք էլ պարբերաբար, ինչպես ՀայՌուսգազարդն է 10 օրը մեկ ներկայացնում տարբեր շրջաններում կալորիականության մեծությունը, նրանք էլ չափագրեն և նույն կերպ հրապարակային թերթում հանդես գան: Սա որպես մի տարբերակ: Բայց այսօր ես չեմ ցանկանում բոլոր տարբերակները նշել, այդ հանձնաժողովի դերը ես նրանում եմ տեսնում, որպեսզի Ձեզ առաջարկություն ներկայացնենք հետագա մեր քայլերի համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, այդ դեպքում, պարոն Գաբրիելյան, պատրաստեք համապատասխան որոշում՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և փորձեք այնպես անել, որ բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հայտ ներկայացնեն և մասնակցեն այդ հնաձնաժողովի աշխատանքներին, այն հասարակական կազմակերպությունները, որ ներկայացրեց Ռոբերտ Նազարյանը, և եթե կլինեն այլ հասարակական կազմակերպություններ՝ սպառողների շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող կամ էներգետիկայի ոլորտում, բոլորը, ովքեր ցանկանում են, թող մասնակցեն այդ աշխատանքներին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան - Պարոն վարչապետ, ես կուզենայի գյուղատնտեսության նախարարությունից էլ ներկայացուցիչներ լինեին՝ պայմանավորված նրանով, որ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների մոտ ավելի շատ են այս վերջին ժամանակներս բողոքները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Նազարյան, գրավոր ներկայացրեք Ձեր առաջարկությունը, թե որ կազմակերպություններին եք նպատակահարմար համարում, որ մտնեն այդ աշխատանքային խմբի մեջ, այդ թվում նաև որ գերատեսչությունները: Մենք ըստ Ձեր հայտի կձևավորենք այդ հանձնաժողովը: Պարոն Շահվերդյան, համեցեք:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան - Պարոն վարչապետ, խնդիրը նրանում է, որ մեկ անգամ ևս այդպիսի ալիք բարձրացավ 2000-ականների սկզբում, այդ ժամանակ ես Երևանգազի, հետո Հայգազի տնօրենն էի: Հիմնական բողոքը գալիս էր Հրազդանի արդյունաբերական հանգույցից: Այն առաջարկը, որ արեց Ռոբերտ Նազարյանը, ես կողմ եմ, որովհետև այն ժամանակ մենք ունեինք մեր չափող սարքերը: Մեր առաջարկով իրենք էլ այդ սարքերից ձեռք բերեցին, և հենց իրենց լաբորատորիան սկսեց աշխատել, խոսակցությունն ընդհանրապես վերացավ: Այնպես որ եթե նման լաբորատորիա դրվի մի արդյունաբերական հանգույցում, ինձ թվում է՝ այս խոսակցություններին վերջ կտրվի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Իսկ շարժական լաբորատորիա հնարավո՞ր է ստեղծել:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան –Այո, իհարկե, դա ընդամենը 25-30 հազար ԱՄՆ դոլարի պատմություն է:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, եթե ունենք շարժական լաբորատորիա, պետք է ցանկացած ահազանգին արձագանքել, գնալ, տեղում չափագրել և հանրությանը հրապարակային ձևով ներկայացնել արդյունքները: