Լուրեր
Երևանցիների համար առաջնահերթ խնդիրներից մեկը անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն է
17.02.2014
Մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու և բնակիչների համար որակյալ սպասարկում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ և ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ ոլորտում առկա թերությունները շտկելու և բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար:
<<Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Եվ այս հարցում մենք ակնկալում ենք ոչ թե ձևական, այլ կոնկրետ և նպատակային քայլեր: Ինչպես մեզ, այնպես էլ բնակիչներին չի կարող գոհացնել այն, որ մատակարարվող ջրի ճնշումը պատշաճ է միայն այն դեպքում, երբ ընկերության տեսուչն է այցելում բնակարաններ: Վերանայեք ձեր աշխատաոճը և մի մոռացեք, որ հենց մեր բնակիչները, ովքեր նաև ձեր բաժանորդներն են, արդարացիորեն պահանջում են որակյալ ծառայության մատուցում, ինչն, ի դեպ, ձեր պայմանագրային պարտավորությունն է երևանցու առաջ: Ըստ այդմ, հետևողական աշխատանք տարեք բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորին կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել աշխատակազմի պատասխանատուներին ևս սերտորեն աշխատել համատիրությունների հետ և արագ արձագանքել բնակիչների կողմից բարձրացված դժգոհություններին:
Երևանի քաղաքապետարանի բարեկարգման 2014թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի զբոսայգիների բարեկարգման աշխատանքներ կտարվեն ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին: Մասնավորապես, Գլխավոր պողոտայի Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ Մանկական և Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները՝ վարձակալների կողմից: Քաղաքապետը հանձնարարել է հանդիպել վարձակալների հետ և հստակեցնել աշխատանքների մեկնարկի ժամանակացույցն ու կարճ ժամկետում սկսել այն. <<Այգիների բարեկարգման աշխատանքների ավարտին մեր համաքաղաքացիները օր առաջ են սպասում: Մենք պետք է գործընթացն իրականացնենք այնպես, որպեսզի մեր բնակիչներն ու մայրաքաղաքի հյուրերն արդեն ամռանը իրենց հանգիստն անցկացնեն բարեկարգված զբոսայգիներում>>,- ընդգծել է քաղաքապետն ու նաև հանձնարարել է պատասխանատուներին, <<Անվտանգ քաղաք>> ծրագրի շրջանակում, բարեկարգվող այգիների տարածքները հնարավորին սեղմ ժամկետում կահավորել տեսախցիկներով:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում արդեն վերսկսվել են Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները: Հանձնարարվել է այս մասով ևս արագացնել ու սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները:
Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել նաև ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված ապօրինաշինության 4 դեպք:
Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաև մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման մասով:
Անդրադառնալով <<Օգնիր դպրոցիդ>> և <<Օգնիր մանկապարտեզիդ>> ծրագրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել գումարների հավաքագրման գործընթացում պարտադրանքը բացառելու ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև սկսել գարնանային ծառատունկի և կանաչապատման նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու այս տարի նախատեսվող ծրագրերը:
Այնուհետ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը ներկայացրել է 2013թ. ընթացքում վարչական շրջանների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության ամփոփ տվյալները:
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, ներկայացնելով 2013թ. վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ զգալիորեն աճել են քաղաքապետարանի կողմից օրենսդրական նախաձեռնությունների, կառավարության որոշումների նախագծերի թիվը: Առաջընթաց է արձանագրվել նաև իրավական վարչարարության մյուս ոլորտներում: Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն: