Լուրեր

Գարնանը Երևանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով

14.02.2014

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափիին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել այս երկրների և ՀԲ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2014 թ. գարնանը Երևանում անցկացվելիք կայուն հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովին վերաբերող հարցեր:
ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի խոսքով՝ համաժողովի անցկացումը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով. ընդունվել է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգիրք, այժմ Ազգային ժողովում է գտնվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, ընդունել հրավերը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ որպես համահովանավոր աջակցել միջոցառման կազմակերպմանը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ համաժողովը թույլ կտա ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային ասպարեզում և մասնավոր ներդրումներ ներգրավել հանքահումքային արդյունաբերությունում: Այն, մասնավորապես, պետք է անցկացվի ՀՀ կառավարության որդեգրած կանաչ տնտեսության և կայուն զարգացման սկզբունքների տրամաբանության շրջանակում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել և նախապատրաստել կոնֆերանսի օրակարգը:
Իրենց խոսքում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպաններն ընդգծել են, որ համաժողովն, ըստ էության, երկակի ուղղվածություն ունի՝ քննարկումներում ներգրավել և´ ոլորտի միջազգային ընկերություններին, և´ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական հասարակությանը: Այս մոտեցումը հնարավորություն կտա երկխոսության դաշտ ձևավորել և հասկանալ, թե ինչպես կարելի է երկուստեք շահավետ կազմակերպել հանքարդյունահանումը: Նրանք տեղեկացրել են, որ կոնֆերանսի կազմակերպմանն աջակցում են նաև Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Հայկական զարգացման բանկը (ADB), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (OSCE), Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող երեք խոշորագույն ընկերությունները և ոչ կառավարական կազմակերպությունները: Այն նախատեսվում է անցկացնել երկու օր՝ շուրջ 70 միջազգային լավագույն փորձագետների, առաջատար ընկերությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին