Լուրեր

Ներկայացվել են մայրաքաղաքի ճարտարապետական և քաղաքաշինական ծրագրերը

12.02.2014

 Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է 2013 թվականի ընթացքում մայրաքաղաքում կատարված, ինչպես նաև առաջիկա տարիներին նախատեսվող Երևանի զարգացման քաղաքաշինական և ճարտարապետական ծրագրերը:
<<Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթներին համապատասխան՝ վերջին տարիներին մշակվել և ներդրվել են քաղաքային տնտեսության զարգացմանը, մայրաքաղաքի գրավչությանն ու գործարար միջավայրի բերելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Այս առումով 2013-2017թթ. նախատեսված քաղաքաշինական ծրագրերը ներառում են ներդրումային նախագծերի մշակման, կառուցման, բարեկարգման մի շարք գործընթացներ, որոնց մի մասն իրականացվել է նախորդ տարում, մյուսները կրում են շարունակական բնույթ և ուրվագծվում են որպես առաջիկա տարիների ծրագրեր, որոնց հիմնական նպատակը Երևանն ավելի գեղեցիկ, բարեկարգ և ներկայանալի դարձնելն է>>,- նշել է Տիգրան Բարսեղյանը:
Խոսելով առաջիկա չորս տարիների համար նախանշված ծրագրերի մասին՝ Տիգրան Բարսեղյանն առանձնացրել է Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագծերի իրագործմանն ուղղված միջոցառումները: Քաղաքապետարանի կողմից իրականացվելիք առավել կարևոր ծրագրերի շարքում Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը:
Ճանապարհային ցանցի կատարելագործմանն ուղված աշխատանքների շրջանակում քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային նոր հանգույցների, ավտոկայանատեղերի կառուցման ուղղությամբ: Տիգրան Բարսեղյանը տեղեկացրել է, որ կշարունակվեն մայրաքաղաքը շրջանցող ճանապարհի կառուցման 2-րդ փուլի աշխատանքները՝ մասնավորապես նշելով Իսակով-Լենինգրադյան ավտոմայրուղին Արշակունյաց պողոտային միացնող նոր ճանապարհի կառուցումը:
Տիգրան Բարսեղյանը տեղեկացրել է նաև, որ քաղաքաշինական ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձնաց համար հասանելիություն ապահովող ծրագրերի մշակմանը:
Մայրաքաղաքը երևանցիների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում բակային տարածքների բարեկարգման, խաղահրապարակների կառուցման և կանաչապատման աշխատանքներին: Շարունակաբար կընթանան ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների կազմակերպման և ընդլայնման նախագծերի մշակման աշխատանքները՝ Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց և Մաշտոցի պողոտայի և Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների, ինչպես նաև Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման և նոր այգիների ստեղծման նախագծման աշխատանքներ:
Անդրադառնալով վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հարցին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը նախ ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում այս ուղղությամբ երկու շենքերի կառուցման աշխատանքներն ու ապա նաև տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսված է նոր շենքերի կառուցում, որոնք ամբողջությամբ կլուծեն 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրը:
Առաջիկա տարիներին նախանշված ծրագրերի շարքում են նաև Մխիթար Հերացու փողոցում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիայի, Օրբելու փողոցում կառավարման ակադեմիայի շենքերի կառուցումը:
Ներկայացվել է նաև, որ 2013 թվականի ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել են նոր հուշարձաններ, <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության շրջանակում առաջին անգամ կազմակերպվել է Երևան քաղաքի զարգացման ճարտարապետական նախագծային առաջարկությունների <<վերնիսաժային>> ցուցադրությունը: Կազմակերպվել է նաև Հանրապետության հրապարակի և վարչական շրջանների 5 այլ հրապարակների հայեցակարգային մրցույթների անցկացումը։
Տիգրան Բարսեղյանը նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում Աբովյան փողոցում դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի և Լևոն Մադոյանի արձանախումբ-հուշարձանի, Ավան վարչական շրջանում Մարշալ Բաղրամյանի արձանի, Գլխավոր պողոտայի տարբեր հատվածներում Գարեգին Նժդեհի և Կարեն Դեմիրճյանի հուշարձանների, կառուցապատող և բարերար Երվանդ Տեր-Ավետիքյանի կիսանդրու, ինչպես նաև Սիլվա Կապուտիկյանի, Գրիգոր Նարեկացու, Ջիվանու, Հրանտ Շահինյանի և Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշարձանների տեղադրման ուղղությամբ։ Պիզարո քաղաքում էլ կտեղադրվի Երևան և Պիզարո քաղաքների բարեկամությունը խորհրդանշող խաչքար-հուշարձան: Առաջիկայում Երևանի և Մոսկվայի քաղաքապետարանների կողմից նախատեսվում է հայտարարել բարեկամության շատրվանի ճարտարապետական բաց մրցույթ՝ Երևանի Ռուսաստանի հրապարակում։
Քաղաքապետարանը հետևողական աշխատանք է տանում կառուցապատողի կողմից պարտավորությունների կատարման, մասնավորապես անավարտ շինություններն ամբողջությամբ ավարտելու ուղղությամբ: Մայրաքաղաքի արտաքին ընդհանուր տեսքի բարելավման ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք աշխատանքներ՝ կապված շենքերի ճակատային հատվածներում սահմանված չափորոշիչներին անհամապատասխան գովազդային պաստառների ապամոնտաժման հետ:
Անդրադառնալով կրկեսի շինարարության աշխատանքներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, և ավարտից հետո այն հանդիսատեսին կներկայանա միանգամայն նորովի: Վերակառուցված կրկեսը նախկին 700 նստատեղի փոխարեն կկարողանա միանգամից տեղավորել 2200 հանդիսատեսի:

← Վերադառնալ ցուցակին