Լուրեր
Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2013թ. կատարած աշխատանքները
12.02.2014
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին ու ԱԻՆ ստորաբաժանումներին շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունն իսկապես սերտ է և կարևոր.
<<Երևանի քաղաքապետարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն արտացոլված է նաև տարեկան ամփոփիչ հաշվետվությունում: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա տարիներին մենք էլ ավելի կընդլայնենք համագործակցության շրջանակներն ու այն պատասխանատվությունը, որ կրում ենք Երևանի ու երևանցիների առջև, կկարողանանք վերածել առավել արդյունավետ աշխատանքների: Ամենակարևոր ձեռքբերումը, որն այսօր կառանձնացնեմ դա երևանցու վստահությունն ու հավատն է փրկարարի աշխատանքի նկատմամբ, որն, անշուշտ, քրտնաջան ու սրտացավ աշխատանքի արդյունք է, և դա մեր բոլորի ամենամեծ գնահատականն է>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հաշվի առնելով մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ միջոցների առկայության կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատական՝ համայնքային բյուջեից վերոնշյալ հաստատությունների համար կրակմարիչներ գնելու նպատակով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական աջակցության ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել է, որ համագործակցված աշխատանքն իսկապես հաջողված է ու առանձնանում է շատ որոշակի ձեռքբերումներով: Նախարարը նաև նկատել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Բավարար գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքային ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցությունը ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչությանը՝ մայրաքաղաքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Ամփոփիչ նիստի շրջանակում Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության, արտակարգ իրավիճակների կանխմանն ու հնարավոր հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը <<Երևան քաղաքի պատվավոր փրկարար>> հուշամեդալով է պարգևատրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ 2013թ. ընթացքում կատարած արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի ու շնորհակալագրերի:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ ՀՀ ԱԻՆ <<Պատվավոր աշխատակից>> մեդալով է պարգևատրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն էլ պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ <<Համագործակցություն հանուն փրկության>> մեդալով, իսկ քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետեր ու ստորաբաժանումների ղեկավարներ արժանացել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերի ու շնորհակալագրերի: