Լուրեր
«Միջխորհրդարանական համագործակցությունը Եվրոպական միությունում» թեմայով սեմինար
07.02.2014
Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Միջխորհրդարանական համագործակցությունը Եվրոպական միությունում» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր ԵՄ խորհրդատվական խմբի կողմից: Մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը, բարեկամական խմբերի, միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեությունը: Նրա գնահատմամբ՝ 21-րդ դարում ժողովրդավարական ինստիտուտների դերի բարձրացման հետ մեկտեղ կարեւոր են նաեւ սերտ բարեկամական հարաբերությունները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը խոսեց ԵՄ ինտեգրման գործընթացում ազգային խորհրդարանների դերի մասին:
ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության գծով խորհրդատու Կայա Կրավչուկը նշեց, որ սեմինարի նպատակն է ներկայացնել միջխորհրդարանական համագործակցության արդյուանվետությունը, ինչպես նաեւ անել առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարելի է ամրապնդել առկա կապերը ՀՀ Ազգային ժողովի եւ ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների միջեւ: Կայա Կրավչուկն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային համագործակցությանը, Եվրոպական միության հետ ազգային խորհրդարանների զարգացող հարաբերություններին: Նա կարեւորեց նաեւ Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների կոնֆերանսի ` ԿՈՍԱԿ -ի դերը, որը մեծապես նպաստում է ազգային խորհրդարանների միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակման մակարդակի բարձրացմանը: Կայա Կրավչուկը փաստեց, որ վերջին 20-30 տարիների ընթացքում էապես աճել է ազգային խորհրդարանների դերը Եվրոպական միությունում:
Սեմինարի ավարտին բանախոսները պատասխանեցին նաեւ մասնակիցների հարցերին: