Լուրեր
Կայացել է «Հետ-Ռիո+20» գործընթացի աշխատանքների կանոնակարգման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
07.02.2014
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովի «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանձնաժողովն ստեղծվել է ՀՀ վարչապետի 2013 թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ, նախագահը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանն է, իսկ քարտուղարության աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարության աշխատակազմը: Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն Ազգային ռազմավարական ծրագրի (հայեցակարգ և գործողությունների ծրագիր) մշակումն է՝ ուղղված «Ռիո+20»-ի որոշումների իրականացմանը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հանձնաժողովը եռամսյա ժամկետում պետք է առաջարկություններ ներկայացնի իր գործողությունների ծրագրի վերաբերյալ:
«Հայաստանն, ինչպես և մյուս պետությունները, «Ռիո+20» գագաթաժողովից հետո որոշակի պարտավորություններ է ստանձնել, և մենք պետք է ձեռնամուխ լինենք դրանց իրականացմանը, - ողջույնի խոսքում նշել է Տիգրան Գևորգյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի շրջանակում ՀՀ-ում ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթաժողովի որոշումների իրականացման նպատակով մշակվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության մոտեցումներն ու կողմնորոշիչ սկզբունքները: Այս առնչությամբ հանձնաժողովի փոխնախագահ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության ուղղությունները և նշել, որ դրանք ընտրվել են՝ ելնելով ինչպես «Ռիո+20»-ի որոշումներից, այնպես էլ մեր ազգային հիմնախնդիրներից: Դրանք են՝ ընդերքօգտագործում, շրջակա միջավայր և բնակչության առողջություն, այլընտրանքային էներգետիկայի զարգացում և էներգախնայողություն, ջրային ռեսուրսների կայուն կառավարում, թափոնների կայուն կառավարում, օրգանական գյուղատնտեսության զարգացում, կայուն տուրիզմի զարգացում, կայուն քաղաքներ/ կանաչ ճարտարապետության զարգացում, կայուն անտառակառավարում, կենսաբազմազանության պահպանում, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՄԱԿ-ի տասնամյակի իրականացում, հազարամյակի զարգացման նպատակների վերափոխում կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև աղքատության հաղթահարման և կայուն զարգացման նպատակով կանաչ տնտեսության զարգացման ոլորտում օրենսդրական ու տնտեսական գործիքների ներդրման խթանում:
Նիստի մասնակիցներին է ներկայացվել նաև հանձնաժողովի աշխատանքների ժամանակացույցը, որի շրջանակում նախատեսվում են կլոր-սեղաններ, հանդիպում-սեմինարներ, թեմատիկ քննարկումներ, գիտաժողովներ հանրության լայն շերտերի մասնակցությամբ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, իսկ վերջում՝ ծրագրի իրականացման ընթացքի մոնիթորինգի անցկացում:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկություններով հանձնաժողովի գործունեության ուղղությունների վերաբերյալ: Արծարծվել են նաև մի շարք կազմակերպչա-տեխնիկական հարցեր:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը նշել է, որ Ազգային ռազմավարական ծրագրի մշակումը և իրականացումը համակարգելու նպատակով ձևավորվել են ոլորտային ենթահանձնաժողովներ: Յուրաքանչյուր ենթահանձնաժողով պետք է ներկայացնի առաջարկություն՝ գործողությունների ծրագրի իր ոլորտին վերաբերող միջոցառումների վերաբերյալ: Դրանից հետո Ազգային ռազմավարական ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: