Լուրեր
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
06.02.2014
Փետրվարի 6-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեության ծրագիրը թե կառուցվածքով, թե բովանդակությամբ համապատասխանում է օրենքի տառին եւ ոգուն: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում այն մանրամասն քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն:
Հանձնաժողովի գործունեության ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին պատգամավորները:
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Նա անդրադարձավ էներգետիկայի եւ գազամատակարարման ոլորտների խնդիրներին, կարեւորեց Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացումը: Պարոն Բագրատյանը գազամատակարարման բնագավառի խնդիրների քննարկման տեսանկյունից կարեւորեց «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների կողմից առաջարկած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը, որի ստեղծումը խորհրդարանի կողմից մերժվել էր:
Պարոն Բագրատյանի առաջարկի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի քննարկելու բոլոր խնդիրները: Նա առաջարկեց քաղաքական ուժերին ակտիվ մասնակցություն ունենալ քննարկումներին:
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Միքայել Մելքումյանն անդրադարձավ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի, էներգետիկայի, գազամատակարարման ոլորտների խնդիրներին, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի գործարքին՝ կարծիք հայտնելով, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերոնշյալ ոլորտներում պետք է ավելի հետեւողական լինի: Պարոն Մելքումյանը եւս կարեւորեց գազամատակարարման խնդիրները քննարկելու հարցում խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների առաջարկներին եւ դիտողություններին՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է պատգամավորների հետ համատեղ աշխատել եւ քննարկել վիճահարույց հարցերը:
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցումով: Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը նշեց, որ առաջարկվում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը լրացնել նոր` 103.1-րդ հոդվածով, որտեղ կներկայացվի դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային ժողովում քննարկելու հատուկ կարգը: Համապատասխան փոփոխություններ կկատարվեն նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում: Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: ԱԺ նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ մեկամսյա ժամկետում ընդգրկում է ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ օրինագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օրենսդրական փաթեթը քննարկվել եւ համաձայնեցվել է բոլոր խմբակցությունների հետ: Որոշվել է, որ դատախազության հաղորդումը կուղարկվի ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներին, գլխավոր դատախազը մինչեւ մեկ ժամ տեւողությամբ զեկույցով հանդես կգա ԱԺ նիստում, կլինեն հարցեր, պատասխաններ, ելույթներ: Նշվեց, որ հաղորդումը կընդունվի ի գիտություն:
Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը քննարկվող հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց 2012 թ. նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը: ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ փաստաթղթի նպատակն է խթանել երկու կողմերի միջեւ համագործակցությանը գիտության, տեխնոլոգիայի եւ նորարարության ոլորտներում՝ նպաստելով երկու կողմերի միջեւ երկկողմ փոխշահավետ կապերի ամրապնդմանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը:
2012 թ. նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ Թուրքմենստանում ՀՀ դեսպանության եւ ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նշվեց, որ կողմերը հավասարության հիմունքով 49 տարի ժամկետով վարձակալության կտրամադրեն հողատարածքներ, որոնք բացառապես պետք է օգտագործվեն դեսպանությունների համար:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը համաձայնագրի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց 2010 թ. նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման եւ դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով), որի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում ստեղծել համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգ` բնակչությանը տրամադրելով որակյալ եւ հանրամատչելի բժշկական օգնություն:
Հարակից զեկույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 2012 թ. նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը, որով կողմերը համագործակցում են օդային հաղորդակցության բնագավառում՝ երկու պետությունների օրենսդրություններին եւ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հետաքրքրում էր, թե բաց երկնքի քաղաքականությունը ինչ առավելություններ է տալու ավիափոխադրումների սակագների իջեցման, թռիչքների ավելացման մասով: Արտյոմ Մովսիսյանը հավաստիացրեց, որ բաց երկնքի քաղաքականությունը օդային փոխադրումների ծառայությունների որակի բարելավում եւ ավիափոխադրումների սակագների իջեցում է ենթադրում. այդ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Խորհրդարանը առաջին ընթերցումով քննարկեց «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը նշեց, որ փոփոխությամբ նախատեսվում է քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների շուկայի խթանում, ուղեւորային եւ բեռնային փոխադրումների ծառայությունների սակագների նվազեցում: Արտոնությունների շարունակական կիրառումը թույլ կտա, որպեսզի ՀՀ օդանավ շահագործողները շահագրգռված լինեն օդանավեր ձեռք բերելու եւ օդանավերի քանակը ավելացնելու համար, որը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ համար:
Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը: