Լուրեր
Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին
04.02.2014
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Վարչապետը հույս է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամական կապերը և նոր թափ կհաղորդի հայ-ռումինական համագործակցությանը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ կապերի աշխուժացման և ամրապնդման:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման և այդ նպատակով տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Առկա ներուժի լիարժեք իրացման առումով կարևորվել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, գործարար կապերի ակտիվացումը, բիզնես համաժողովների կազմակերպումը: Ընդգծվել է Ռումինիայի հայ համայնքի նշանակալի դերը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին: Այս համատեքստում վարչապետ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է Ռումինիայի իշխանությունների հավասարակշռված և անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: