Լուրեր
Բարելավվում են ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական կարգավորումները
04.02.2014
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է ձեռնարկատիրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Մասնավորապես, առաջարկվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, օղու ներմուծման և թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշման գործունեությամբ զբաղվելու լիցենզիաները փոխարինել լիազոր մարմնին պարտադիր ծանուցելու պահանջով: Մեկ այլ առաջարկով կրճատվել են երկակի նշանակության ապրանքների արտահանման և ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար տրվող թույլտվությունների ժամկետները, պարզեցվել են ընթացակարգերը: Առաջարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներդնել թույլտվությունների տրամադրման համար դիմումներն ու ծանուցումները էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց ներկայացնելու համակարգ:
Ներկայացրել է նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը, համաձայն որի «արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ» նախադասությունը փոխարինվել է «արգելվում է հեռուստատեսությամբ կամ ռադիոյով 1 եթերային ժամի ընթացքում 14 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը» նախադասությամբ, ինչը նշանակում է, որ 1 ժամվա ընթացքում գովազդի տևողությունը կսահմանափակվի 14 րոպեով:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկել է նաև հստակեցնել ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը, մասնավորապես՝ սահմանել գնահատման չափանիշները, հստակեցնել ժամկետները, մրցույթի հայտի ձևը:
Առաջարկությունները ներկայացնելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի փորձը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններով ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը նվազում են 1 մլդ դրամով: