Լուրեր
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
04.02.2014
Փետրվարի 4-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի եւ Կարինե Պողոսյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ու ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագծերի փաթեթը:
Այնուհետեւ Ազգային ժողովը շարունակեց քննարկել ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանի, Արմեն Ռուստամյանի, Արամ Մանուկյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թ. պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, նշեց, որ Հայաստանի կառավարությունն 300 մլն դոլարի արտաքին պարտք է կուտակել, ինչը երկու տարի շարունակ չի արտացոլվել խորհրդարանին ներկայացվող բյուջեի նախագծում: Նա առաջարկեց գործընկերներին չմերժել նախագիծը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն ոլորտի խնդիրների մասին բարձրաձայնել եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նմանատիպ առաջարկ ներկայացրել է դեռեւս 2010 թ.: Նրա կարծիքով՝ հանրության համար անհասկանալի մի շարք հարցերի վերաբերյալ հստակեցումներ են անհրաժեշտ:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՕԵԿ-ը կողմնակից է հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալ ոչ թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջոցով, այլ խորհրդարանական լսումների, ԱԺ հարցապնդումների միջոցով, ԱԺ նախագահին կից աշխատանքային խմբի ձեւավորմամբ եւ այլ մեխանիզմներով: Նշվեց, որ ՕԵԿ-ը դեմ է հանձնաժողովի ստեղծմանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ հանձնաժողովի նպատակն է պատասխանել մի շարք հարցերի` ինչպես է ձեւավորվում գազի գնի գոյացումը սահմանից մինչեւ սպառող, ինչպես է հնարավոր անկախ վերահսկողություն հաստատել գազի կալորիականության նկատմամբ եւ այլն: Պարոն Զուրաբյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են հարցը քննարկել քաղաքական մեծամասնության հետ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հիմնականում երեք հարցի պատասխաններ պետք է տա` որտեղից է կուտակվել 300 մլն դոլարի պարտքը, սահմանից գազը սպառողին ինչու է հասնում ավելի թանկ գնով եւ ինչու է կնքվել գազի պայմանագիրը:
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ իրենք նման պայմանագրերի են գնացել` հաշվի առնելով բացառապես շարքային քաղաքացու եւ տնտեսվարողի շահը: Նա ներկայացրեց 35` նախկին Խորհրդային միության անդամ եւ եվրոպական երկրների տվյալները գազի գնի հարցով: Պարոն Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին:
Ամփոփիչ ելույթում նախագծի համահեղինակ Արամ Մանուկյանը անդրադարձավ հնչած ելույթներին եւ առաջարկներին՝ նշելով, որ իրենք պատրաստ են առաջարկներ ընդունել եւ քննարկել:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց հանձնաժողովի 2014 թ. տարեկան գործունեության ծրագիրը: 2013 թ.-ի ընթացքում հանձնաժողովը շարունակել է բացահայտել բազմաթիվ չարաշահումների դեպքեր: Արտակ Շաբոյանը նշեց, որ գերիշխող դիրքի չարաշահման համար պատժվել են մի քանի խոշոր ընկերություններ՝ ջրամատակարարման, երկաթուղային տրանսպորտի, միջմարզային ուղեւորափոխադրումների, քաղաքային հեռախոսակապի, դեղերի ներմուծման եւ իրացման եւ այլ բնագավառներում: Հանձնաժողովը նաեւ բացահայտել է բազմաթիվ հակամրցակցային համաձայնությունների դեպքեր. 200-ից ավելի մրցույթների ուսումնասիրության արդյունքում՝ հակամրցակցային համաձայնություններ իրականացնելու համար պատժվել են 88 սոցիալական հաստատություններ եւ 8 տնտեսվարողներ: Զեկուցողը տեղեկացրեց, որ 2014 թվականին հանձնաժողովը շարունակելու է հետեւողական լինել հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերման եւ կանխարգելման, համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման, գերիշխող դիրքի չարաշահումների եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների բացահայտման ուղղությամբ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը մանրամասն անդրադարձավ ԱԺ պատգամավորների հարցերին, որից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն. պատգամավորները ներկայացրին իրենց տեսակետները, առաջարկները եւ մտահոգությունները:
Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 5-ի ԱԺ նիստում:
Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին: