Լուրեր
Հանձնարարվել է շարունակել մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը
03.02.2014
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ: Զեկուցվել է նաև, որ 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ վերահսկողությունը՝ բացառելով պայմանագրային պարտավորությունների խախտման որևէ դեպք:
<<Այս հարցում պետք է ցուցաբերել սկզբունքային կոշտ մոտեցում և բացառել սահմանված նորմերին չհամապատասխանող սննդի մատակարարումը մանկապարտեզներ:
Բազմիցս ասել եմ ու նորից կկրկնեմ, որ հատկապես երեխաներին մատակարարվող սննդի որակի ապահովման հարցում մեր դիրքորոշումն ու ձեռնարկվող քայլերը եղել ու լինելու են կոշտ, ընդհուպ մատակարարների հետ պայմանագրերը խզելով և տվյալ ընկերություններին օրենքով սահմանված կարգով <<սև>> ցուցակ գցելով: Այս հարցում որևէ մեկին ներում չի լինելու, ուստի, գնումների գործընթացում շահած հատկապես նոր ընկերություններին խստորեն նախազգուշացրեք կատարել ստանձնած պայմանագրային պարտավորություններն ու սահմանված նորմերից որևէ շեղում թույլ չտալ>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի հետ կապված զեկուցվել է, որ, չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 6-ը, մրցույթին մասնակցելու որևէ հայտ առայսօր չի ստացվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև վերջնաժամկետ շարունակել հանրային իրազեկման աշխատանքները: Անդրադառնալով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին՝ քաղաքապետը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստորեն վերահսկել գործընթացը:
<<Ավտոբուսային և միկրոավտոբուսային յուրաքանչյուր երթուղի պետք է առանձին-առանձին ուսումնասիրել և վերացնել թերությունները: Տնտեսվարողների կողմից բերվող այս կամ այն պատճառաբանությունը մեզ համար չի կարող ընդունելի լինել: Դա պայմանագրային պարտավորություն է, և նրանք պետք է կատարեն այն: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակիչների պատշաճ սպասարկումը: Ըստ այդմ, նախ խստորեն պահանջեք նրանցից պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև իրազեկեք, որ դրանք չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, քաղաքապետարանը կվերանայի տվյալ տնտեսվարողի հետ կնքված պայմանագրերը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով հանձնարարվել է շարունակել պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկումը՝ տնտեսվարողների կողմից տարընկալումները բացառելու նպատակով:
Հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ տանել և աջակցել փետրվարի 24-ից Երևանում մեկնարկող համահայկական ձմեռային խաղերի կազմակերպման և անցկացման հարցերում:
Խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունները՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության և սպորտի բնագավառում կատարված աշխատանքները:
Այնուհետ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև <<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից նախորդ տարվա շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Ի դեպ, առաջիկա չորեքշաբթի օրը Դավիթ Օհանյանը մամլո ասուլիսում նաև հանրությանը կներկայացնի կատարված աշխատանքների հաշվետվությունն ու 2014-ի անելիքները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ ներկայացրել է 2013 թվականին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում իրականացված աշխատանքների հաշվետվությունները: Մասնավորապես, ներկայացվել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող <<Մեկ պատուհան>> համակարգում կատարված աշխատանքները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելությունների արդյունքները:
Ներկայացված հաշվետվությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է ի գիտություն և հանձնարարել է մյուս ոլորտների պատասխանատուներին ևս նախապատրաստվել` նույն սկզբունքով ներկայացնելու տարեկան հաշվետվությունները: