Լուրեր

Ազգային ժողովն սկսեց հինգերորդ նստաշրջանի աշխատանքը

03.02.2014

Փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության օրհներգով ազդարարվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը:

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն գործողությունը կանխելու ժամանակ իր պարտքը արիաբար կատարելիս զոհված կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանի հիշատակը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է դարձել Միքայել Վաղինակի Մանուկյանը, իսկ «Ժառանգություն» խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբիկ Հակոբյանը, քարտուղար՝ Թեւան Պողոսյանը:

Գարնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստում Ազգային ժողովը հաստատեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը:

Այնուհետեւ պատգամավորներն անդրադարձան ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց հանձնաժողովի 7 անդամը փոխարինել 11-ով՝ ըստ խմբակցությունների թվաքանակի համամասնության ՀՀԿ-ին հատկացնելով 5, ԲՀԿ-ին՝ 2, իսկ մյուս խմբակցություններին՝ մեկական տեղեր: Առաջարկը, որին դեմ էին ընդդիմադիր խմբակցությունները, ընդունվեց քվեարկությամբ: ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք հրաժարվում են հանձնաժողովի կազմում անդամներ ներկայացնելուց:

ԱԺ պատգամավորներն անդրադարձան նաեւ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմավորմանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խմբակցություններին առաջարկեց թեկնածություններ ներկայացնել:

Ազգային ժողովը շարունակեց նախորդ նստաշրջանում ընդհատված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ օրինագիծը վերաբերում է աշխատանքային հարաբերությունների առավել հստակ կարգավորմանը, աշխատողների ու գործատուների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը:

Նախագիծը նախատեսում է աշխատանքային հարաբերությունների հիմք ընդունել նաեւ փաստացի աշխատող լինելու հանգամանքը, ինչը կվերացնի ՀՀ աշխատանքային օրենսգրքում առկա այն իրավական բացը, որը իրավակիրառական պրակտիկայում բացառում էր փաստացի կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձ ստանալու կամ փաստացի կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձի գումարի` դատական կարգով բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքը: Նախագծով առաջարկվող իրավակարգավորումը կունենա նաեւ կանխարգելիչ նշանակություն` նվազեցնելով ստվերային զբաղվածությունը, գործարարներին կհարկադրի պահպանել աշխատանքային պայմանագրի կնքման օրենքով սահմանված կարգը? աշխատողին զերծ պահելով հետագա քաշքշուկներից:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջարկվում է Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով», իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածն առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվում է կենսաթոշակ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձին սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է սահմանադրական դատարանի անդամի? մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Եթե սույն պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով»:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նկատելով, որ առարկությունը վերաբերում է միայն Սահմանադրական դատարանի անդամի կենսաթոշակի չափին, եւ առաջարկվում է պահպանել այն թեզը, որ կենսաթոշակը չպետք է նվազի:

Ազգային ժողովը քննարկեց Թեւան Պողոսյանի, Արմեն Ռուստամյանի, Արամ Մանուկյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը, որը ներկայացրեց նախագծի համահեղինակ Արամ Մանուկյանը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ ինքը ներկայացնում է ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների տեսակետը:

Արամ Մանուկյանը նշեց, որ 2011 թվականի ապրիլից ՌԴ-ից ՀՀ ներմուծված գազի դիմաց ձեւավորվել է ՀՀ պետական պարտք, որի առաջացման եւ մարման հիմնավորվածությունն ու օրինականությունը վիճարկելի է: Հասարակության մեջ ձեւավորվել է անվստահության մթնոլորտ, որը վերացնելու գործում, խորհրդարանի սահմանադրական լիազորությունները իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ինչպես վերը նշված հարցը, այնպես էլ գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները:

Հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարության վերաբերյալ ԱԺ պատգամավորների տեսակետները տարբեր էին, հաճախ՝ իրարամերժ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը բոլորովին էլ նպատակ չունի կոծկելու ինչ-որ ապօրինություններ, ինչպես պնդում են ոմանք. ընդհակառակը՝ քաղաքական մեծամասնությունը միշտ էլ կողմնակից է պատժելու անօրինական քայլեր կատարողներին, բայց պետք է նախ քննել եւ վեր հանել ճշմարտությունը: ԱԺ նախագահը նկատեց, որ իր կարծիքով՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կողմնակիցներն ու նախաձեռնողները ճիշտ չեն ընտրել ձեւաչափը:

ԱԺ խմբակցությունները քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները կներկայացնեն փետրվարի 4-ի ԱԺ նիստում: 

← Վերադառնալ ցուցակին