Լուրեր
2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ևս 11 գերատեսչություն
22.01.2014
Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահները, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և միգրացիոն պետական ծառայության պետերը ներկայացրել են 2013 թ. գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները և վարչապետին զեկուցել թերացումների պատճառների մասին:
ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները համապատասխան հանձնարարականներ են ստացել կառավարության ղեկավարից՝ վերացնելու արձանագրված բացթողումները: Անդրադառնալով հաշվետու տարում ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականին՝ վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է դրանց ուշացումով կատարման կամ չկատարման պատճառների մասին, ծանոթացել գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների աշխատանքի գնահատականներին:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում: