Լուրեր

Քննարկվել են ՓՄՁ-ների հարկային ռեժիմի թեթևացմանն ուղղված խնդիրները

17.01.2014

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը:
Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչև 1 տոկոս նվազեցնելն է` ապահովելով նաև բոլոր գործարքների փաստաթղթավորում:
Տիգրան Սարգսյանը զարմանք և տարակուսանք է հայտնել, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին: Այս դեպքում խնդիրը պետք է փնտրել ոչ միայն վատ վարչարարության, այլև թե ՓՄՁ-ների ստվերային գործունեության, և թե խոշոր բիզնեսի ստվերային հոսքերի շրջանառության ապահովման մեջ:
Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկաներին ևս մեկ անգամ քննարկել ներկայացված առաջարկությունները և հարցը կրկին ներկայացնել հաջորդ նիստում:

← Վերադառնալ ցուցակին