Լուրեր

Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

14.01.2014

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովին:
Վարչապետը շնորհավորել է դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Մենք կարևոր նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների խորացմանը և շահագրգռված ենք դրանց ընդլայնման հարցում: ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ կանենք ամեն ինչ, որպեսզի Ձեր առաքելությունը մեր երկրում հաջող ընթացք ունենա և ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմաններն արդյունավետ համագործակցության համար»:
Դեսպան Նազարովը շնորհակալություն է հայտնել վարչապետին երկկողմ համագործակցության բարձր գնահատականի համար և շնորհավորել հայ ժողովրդին անցած տոների առթիվ: Նա գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներից և նշել, որ երկկողմ կապերի ակտիվացմանը նոր թափ հաղորդեց 2012 թ. Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ և ստորագրվեցին համաձայնագրեր:
Կողմերն անհրաժեշտ են համարել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը և քննարկել դրա խորացման հեռանկարները: Արծարծվել են օդային ուղիղ հաղորդակցության հաստատմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրագործմանն առնչվող հարցեր:
Կուրբաննազար Նազարովն ընդգծել է, որ ի դեմս Հայաստանի Թուրքմենստանը տեսնում է բարեկամ ժողովրդի և արագ զարգացող հուսալի գործընկերոջ: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համատեղ աշխատանքի համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կգործադրի ամեն ջանք քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային ոլորտներում համագործակցության ձեռք բերված մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին