Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

14.01.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Նա Հայաստանում է <<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով, որը մեկնարկել է իր 80-ամյակին նվիրված համերգաշարով:
Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է կոմպոզիտորի երևանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների կատարելագործման տեսանկյունից:
Հյուրին ներկայացնելով Երևանի և Վարշավայի միջև ձևավորված համագործակցության հեռանկարները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013-ի ամռանը Երևանի և Վարշավայի քաղաքապետերը ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պատրաստակամ են զարգացնելու բարեկամությունն ու խրախուսելու Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։
Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու մայրաքաղաքների միջև մշակութային համագործակցության ընդլայնման մասով ակնկալում է նաև մաեստրոյի աջակցությունը:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երևանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար և աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշխարհահռչակ կոմպոզիտորն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար:
Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետին <<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնին աջակցելու համար:

← Վերադառնալ ցուցակին