Լուրեր

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը

26.12.2013

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ձևավորված հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքների ընթացքը նշել է, որ նախորդ նիստից մինչ օրս ընկած ժամանակահատվածում իրականացվել են ուղևորահոսքերի՝ մասնավորապես Երևան քաղաքի վերգետնյա ուղևորատար տրանսպորտային միջոցների ուղևորների հաշվառման հետազոտություններ (ընդհանուր ուղևորահոսքը մեկ օրվա յուրաքանչյուր ժամի և ըստ ուղեգծի, ընդհանուր ուևորահոսքը մեկ օրվա ընթացքում՝ ըստ ուղեգծերի աշխատանքային և հանգստյան օրերի համեմատականի, երթուղային տաքսիների և ավտոբուսների, ինչպես նաև տրոլեյբուսների կանգառների վայրերի և դրանց ծանրաբեռնվածության, ուղեգծի գործող մեքենաքանակի՝ փաստացի ու երթուղային ցանցով նախատեսված մեքենաների տարբերության, նաև ուղերթների քանակի ու չվացուցակի պահպանման մասին տեղեկատվություն): Հետազոտությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող <<Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ծրագրի>> շրջանակում միջազգային մրցույթով ընտրված միջազգային խորհրդատուի հետ կնքված պայմանագրի շրջանակում:
<<Մենք ունենալու ենք հիմնավոր ու մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքներ, որոնք կատարվում են առաջին անգամ, և հնարավորություն են տալու հստակեցնել ուղևորահոսքի ցուցանիշները: Որպես հաջորդական քայլ՝ կհաշվարկվի մեկ ուղևոր փոխադրելու ծառայության մատուցման ինքնարժեքը: Այնուհետ տեղի կունենա հասարակության խոցելի խմբերի համար նախատեսվող արտոնությունների մեխանիզմների մշակման ուղղությամբ նախատեսվող քայլերի քննարկում>>,- նշել է Վահե Նիկոյանը:
Հանձնաժողովի անդամներին իրականացվող հետազոտության աշխատանքներն առավել մանրամասն ներկայացնելու և ծանոթացնելու նպատակով ցուցադրվել է հետազոտության ընթացքի մասին պատմող հոլովակ:
Հետազոտության արդյունքների վերլուծությունը կատարվելու է միջազգային փորձագետների կողմից՝ ներկայացնելով միջինացված հաշվարկներ, որն էլ կինի սակագնի ձևավորման հիմնական ցուցանիշ: Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ հետազոտությունը կնպաստի ոլորտի զարգացման ուղղությամբ նոր ծրագրերի մշակմանը ևս: Նաև այդ նպատակով է, որ պատվիրվել է վարորդների վարքագիծի, շարժակազմերի տեխնիկական և սանիտարական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություն: Քաղաքապետի տեղակալը նաև հատկանշել է, որ մինչև վերջնական բաղադրիչի քննարկումը, հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հիմնավոր հաշվարկներ և մոտեցումներ՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված ծախսերի հաշվարկների օպտիմալացման վերաբերյալ:
Հետազոտությունների շրջանակում այլ հետազոտություն ևս իրականացնելու վերաբերյալ նոր առաջարկներ ներկայացնելու հետ կապված հանձնաժողովի անդամների կողմից առաջարկներ չեն եղել:
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սակագնի հունվարի 1-ից սպասվող փոփոխության հարցին՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քանի դեռ ամբողջությամբ պատրաստ չեն ուղևորահոսքի ուսումնասիրությունների արդյունքները, սակագնի փոփոխության հարց չի կարող լինել:
<<Այն շահարկումները, որ հունվարի 1-ից ներքաղաքային ուղևորափոխադրումների սակագինը վերանայվելու է, չեն համապատասխանում իրականությանը: Հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները, և միայն հետազոտությունների արդյունքներից ու մի շարք քննարկումներից հետո կարող է խոսք գնալ ինքնարժեքի հաշվարկի, այնուհետ նաև սակագնի ձևավորման մասին>>,- ընդգծել է հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը:
Հանձնաժողովի անդամներին հուզող այլ հարցերի մասով հատուկ կարիքներով մարդկանց աջակցության <<Ունիսոն>> հասարակական կազմակերպության ներկայացուցչի՝ հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման հարցի հետ կապված՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանի քաղաքապետարնի 2014 թվականի բյուջեում արդեն իսկ նախատեսված են համապատասխան միջոցներ՝ քաղաքապետարանի կողմից շահագործվող ավտոբուսային 12 երթուղիներում մեկական ավտոբուս համապատասխան սարքավորումներով ապահովելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին