Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՊՏՀ խորհրդի նիստին

25.12.2013

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՊՏՀ խորհրդի նիստին:

Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում ընդգրկված են ՀՊՏՀ 2013 թ. ուսումնագիտական եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների եւ 2014 թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին ու ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց բուհում կատարված աշխատանքը, բյուջետային հատկացումները, միջազգային համագործակցության ծրագրերը, համալսարանի գիտահետազոտական գործունեությունը, իրականացված արդիականացման աշխատանքները: Պարոն Աթոյանը ներկայացրեց նաեւ ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում առաջարկվող փոփոխությունները եւ դրանց հիմնավորումները:

Նիստում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իր ուրույն տեղն է զբաղեցնում հանրապետության գիտակրթական համակարգում: Պարոն Աբրահամյանի գնահատմամբ՝ ուրախալի է այն, որ համալսարանի ղեկավարությունը եւ դասախոսական կազմը ջանք չեն խնայում ձեռք բերված նվաճումները ամրապնդելու, միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու եւ բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ այս ամենը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում կրթական հաստատության հեղինակության եւ մրցունակության բարձրացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի 2013 թ. համապարփակ զեկույցը վկայում է այն մասին, որ տարին նշանակալից էր հաստատությունում կատարված աշխատանքների առումով: ԱԺ նախագահը նշեց, որ հաշվետու տարին նշանավորվեց նորագույն տեխնիկայով եւ գույքով հագեցած «Ամբերդ» հետազոտական կենտրոնի բացմամբ, որը իր անգնահատելի ներդրումը կունենա ԲՈՒՀ-ի գիտահետազոտական գործունեության ծավալման հարցում: Նա կարեւորեց նաեւ նոր ուսումնական տարվանից գործող սոցիալական փաթեթը, որը միտված է աջակցելու սոցիալապես անապահով եւ բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին:

Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ համալսարանը առաջընթաց է գրանցել նաեւ միջազգայնացման ճանապարհին՝ շահելով Տեմպուսի եւս չորս ծրագիր: Նոր թափ է ստացել նաեւ օտարերկրյա ուսանողների ընդունելության գործընթացը, բարելավվել են շենքային պայմանները, ստեղծվել է ուսման համար բարենպաստ միջավայր:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ մի շարք խնդիրների եւ անելիքների՝ նշելով, որ այսօր առաջնային է գիտամանկավարժական կադրերի պատրաստումը:

Համալսարանի 2013 թ. բյուջեի կատարման մասով Հովիկ Աբրահամյանը նշեց, որ զգալի միջոցներ են հատկացվել ԲՈՒՀ-ի հետազոտական աշխատանքների իրականացման, նորագույն տեխնիկայով զինված միջազգային ուսումնագիտական ծրագրերի կենտրոնի ստեղծման, ինչպես նաեւ մեկ տասնյակից ավելի լսարանների վերանորոգման եւ կահավորման համար: ԱԺ նախագահն առաջարկեց բուհի ղեկավարությանը հաջորդ տարի հաստատության բյուջեի նախագիծը ներկայացնել ծրագրային ձեւաչափով: Պարոն Աբրահամյանն առաջարկեց համալսարանի բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար եւ հույս հայտնեց, որ 2014 թ. բյուջեով նախատեսված միջոցները նույնպես կծառայեն հաստատության առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրակարգում ընդգրկված հարցերը դրվեցին քվեարկության եւ միաձայն ընդունվեցին խորհրդի կողմից:

Օգտվելով առիթից՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց բոլորին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ, մաղթեց երջանկություն ու հաջողություններ: Նա ցանկություն հայտնեց, որ գալիք տարում ՀՊՏՀ-ն իր հեղինակությունը ավելի բարձրացնի, ինչի ներուժը եւ հնարավորությունը բուհն ունի: ԱԺ նախագահը խաղաղություն մաղթեց մեր երկրին ու ժողովրդին, Արցախի մեր հայրենակիցներին: Նա նշեց, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը տեսնում է համերաշխության, հանդուրժողականության եւ միասնության մեջ:

Օրակարգը սպառելուց հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստն ավարտեց աշխատանքները:

Նշենք, որ մինչ խորհրդի նիստը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջայց կատարեց բուհի նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում եւ հիմնանորոգված ճաշարանում: 

← Վերադառնալ ցուցակին