Լուրեր

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

20.12.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով մայրաքաղաքի կամարանցումների և բակային տարածքների նկարազարդման 2013 թվականի ծրագրին իրենց մասնակցությունը բերած նկարիչները, ուսանողներն ու աշակերտները հյուրընկալվել էին քաղաքապետարանում:
Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քաղաքապետը նկատել է, որ տարեցտարի ավելանում է մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված նախաձեռնություններին երևանցիների մասնակցությունը.
<<Ձեր կատարած աշխատանքն ու նվիրումը Երևանի հանդեպ իսկապես գնահատելի է: Եվ որ ամենակարևորն է, այն նկատում ու գնատահում են նաև մեր բնակիչները, ինչն, ըստ էության. ամենաբարձր գնահատականն է: Ուզում եմ վստահեցնել, որ այս և նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական, մենք կրկնապատկելու ենք բարեկարգ ու հարմարավետ Երևան ունենալուն ուղղված քաղաքային բոլոր ծրագրերը, և այդ հարցում ես ակնկալում եմ ձեր է՛լ ավելի ակտիվ մասնակցությունը>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ քաղաքապետը Երևան քաղաքի բակային տարածքներում և կամարանցումներում 2013թ. նկարազարդման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար նկարիչներին, ուսանողներին և աշակերտներին պարգևատրել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:
Ի դեպ, Երևան քաղաքի 2013թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվել են կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվել են շուրջ 35 կամարանցումներ և 240 բակային տարածքներ:

← Վերադառնալ ցուցակին