Լուրեր

Թեքահարթակների կառուցման վայրերն ու նախագծերը Երևանի քաղաքապետարանը համաձայնեցնում է շահառուների հետ

17.12.2013

 Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող՝ Երևանի քաղաքային հանձնաժողովի թեքահարթակների մասով աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվել է այն 197 փողոցների ցանկը, որի համաձայն 2014 թվականին համայնքային բյուջեում նախատեսված 40 մլն դրամով կառուցվելու են թեքահարթակներ ու հարմարեցումներ։ Հանձնաժողովի առաջարկած ցանկը կազմված է մասնավորապես կրթական, մշակութային, առևտրային հաստատությունների, ժամանցի ու հանգստի վայրերի մատչելիության ապահովման սկզբունքով։ Ցանկում ներառված են նաև բանուկ փողոցներ։
Հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև անհատ շահառուների խոսքով՝ հանձնաժողովի կազմած ցանկը բավականին հաջողված է։ Այդուհանդերձ, քաղաքապետարանի առաջարկով, շահառուները ներկայացրել են նաև իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանը նշել է, որ բոլոր առաջարկությունները քննարկվելու են և ամբողջացնելու են 2014 թ.-ին նախատեսված թեքահարթակների և հարմարեցումների կառուցման համար ներկայացված փողոցների աշխատանքային ցանկը։
Նախագծային աշխատանքներում ներգրավվելու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի սխալմունքները հնարավորինս բացառվեն։
Ի դեպ, ցուցակում նշված փողոցներում շինարարական աշխատանքների մրցույթները հայտարարվելու են թեքահարթակների նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո միայն։

← Վերադառնալ ցուցակին