Լուրեր

Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին նախազգուշացնել՝ ապահովել պատշաճ սպասարկում

09.12.2013

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու և անվտանգ երթևեկ ապահովելու նպատակով ցերեկային, ինչպես նաև գիշերային ժամերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների և բակային տարածքների ձնամաքրումը: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարվել է, նախնական պայմանավորվածության համաձայն, ներգրավել նաև մասնավոր կազմակերպությունների մասնագիտացված տեխնիկան: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել նաև տնտեսվարողների նկատմամբ: Մասնավորապես, նրանք, ովքեր չեն կատարի իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման, պարտադիր բարեկարգման ստանձնած պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Զեկուցվել է, որ, ձյան տեղումներով պայմանավորված, ուղևորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության և խստորեն նախազգուշացնել՝ կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
<<Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որևէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաև շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները և չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Մեզ համար առաջնահերթը մեր համաքաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովումն է, ինչը և նրանք պարտավոր են կատարել: Խստորեն հետևեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ և որ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված էլ զեկուցվել է, որ հայտեր չլինելու պատճառով այն հերթական անգամ չի կարող կայանալ:
Զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ շարունակվող խիստ հսկողության շնորհիվ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 10 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախատոնական առևտրին ընդառաջ դեկտեմբերի 20-ից մինչև Ամանոր որոշակի վայրերում կազմակերպել գյուղմթերքի ամենօրյա շուկաներ՝ այդպիսով առևտուրն առավել կազմակերպված և մատչելի դարձնելու նպատակով: Հանձնարարվել է հսկողության տակ պահել նաև սահմանված վայրերում մասնավոր ընկերությունների կողմից Հայաստան ներկրված բնական եղևնիների և սոճիների բացօթյա վաճառքի կազմակերպումը:
16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ ավարտվել և ամբողջությամբ գազիֆիկացվել է 13 շենք: Մինչև ամանոր կգազիֆիկացվեն ևս մի քանի շենքեր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու պարբերաբար ներկայացնել այդ մասին տեղեկատվություն:
Փոքր կենտրոնում գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքների հետ կապված՝ արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ծրագրի արդյունքում ապամոնտաժվել է 106 գովազդային վահանակ: Աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել և առաջարկություններ ներկայացնել այդ աշխատանքները հաջորդ տարի շարունակելու մասով:
Հասարակական տրանսպորտի կանգառներն էլեկտրոնային չվացուցակների համակարգի սարքավորումներով կահավորելու և ծրագիրն ընդլայնելու աշխատանքների մասով <<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի>> տնօրենը զեկուցել է, որ սարքավորումների երկրորդ խմբաքանակը՝ թվով 30 օրինակ, արդեն իսկ ներկրվել է, և ընթանում են ծրագրավորման և թեստավորման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ սարքավորումների տեղադրմամբ մայրաքաղաքի 52 կանգառասրահներ ապահովված կլինեն էլեկտրոնային չվացուցակներով:
Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր ավտոճանապարհների կառուցման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ Ուլնեցի-Ռուբինյանց ճանապարհի աշխատանքներն ավարտված են, և այն հանձնված է շահագործման: Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող նոր արագընթաց ճանապարհի մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ավարտական փուլում են:
Զեկուցվել է, որ ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար մայրաքաղաքում ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով արդեն իսկ նախատեսվել են 2014 թվականին կառուցվելիք թեքահարթակների նախնական հասցեները: Նշվել է նաև, որ 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար թեաքահարթակների կառուցման ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ շահագրգիռ կազմակերպությունների և այլ շահառուների մասնակցության և ներկայացված առաջարկները հաշվի առնելու համար նշված անձինք իրենց հատուկ շնորհակալությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել կիրառվող մոտեցումներն ու ներգրավել շահառուներին ինչպես նախագծման, այնպես էլ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ընդունման փուլին:
<<Այս մասով 2013-ին մենք բավականին արդյունավետ համագործակցություն ունեցանք շահագրգիռ կազմակերպությունների և շահառուների հետ, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ընտրված մոտեցումը արդարացի է ու պահանջված: Ըստ այդմ, համագործակցությունը պետք է լինի շարունակական, և ես վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով հետզհետե կկարողանանք մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնել նաև մեր հաշմանդամ համաքաղաքացիների համար: Եվ որ ամենակարևորն է՝ բոլոր այն ծրագրերը, որոնք կիրականացնենք հետագայում, կհամաձայնեցվի նրանց հետ, եւ աշխատանքների իրականացման փուլում ևս հենց նրանք կվերահսկեն, ու իրենց դրական եզրակացությունը տալուց հետո միայն կհամարենք աշխատանքները լիարժեք կատարված>>,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար երթուղիներում որոշակի քանակությամբ ավտոբուսների հարմարեցման ուղղությամբ: Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերություններին ևս պարտավորեցնել ապահովել համապատասխան սարքավորումների առկայությամբ կահավորված որոշ ավտոբուսներ:
Մայրաքաղաքում ընթացող փոսալցման աշխատանքներին անդրադառնալով՝ հանձնարարվել է մինչև գարնան հիմնական ասֆալտապատման աշխատանքները որպես ժամանակավոր լուծում շարունակել փոսալցումներն այն փողոցներում, որտեղ փոսերը կարող են անհարմարություններ ստեղծել երթևեկության համար:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են և սահմանված ժամկետում կավարտվեն մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին