Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառում

06.12.2013

 Դեկտեմբերի 5-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան ու պատվավոր հյուրեր, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հոբելյանների կապակցությամբ՝ վարչապետը նշեց, որ այս բնագավառում ներգրավված հազարավոր աշխատակիցներն առնչվում են օժանդակության կարիք ունեցող քաղաքացիների ամենօրյա խնդիրներին: «Այսօր մեր բնակչության մի մեծ զանգված օգնության և օժանդակության կարիք ունի, երբեմն դա արտահայտվում է ոչ թե ֆինանսական օժանդակությամբ, այլ մարդկանց հոգսն ու ցավը կիսելով: Մարդկային խոսքը,վերաբերմունքը շատ հաճախ ավելի մեծ կշիռ ունի մեր քաղաքացիների համար: Հենց այդ ճակատում է,որ դուք իրականացնում եք ձեր ամենօրյա ծանր աշխատանքը, և հենց ձեր աշխատանքով է պայմանավորված՝խոցելի խմբերի ներկայացուցիչները գոհ կլինեն մեր կողմից մատուցվող ծառայություններից, թե ոչ: Իհարկե,իր մեծ և կարևորագույն նշանակությունն ունի նաև ֆինանսական օժանդակությունը ու մենք պարտավոր ենք օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Պետությունն, այդ առումով,տարեցտարի ավելացնում է նաև այդ հատկացումները. Պետական բյուջեի մի ահռելի մասն ուղղվում է հենց սոցիալական խնդիրների լուծմանը: Շնորհակալություն եմ հայտնում սոցիալական ծառայությունների ոլորտի աշխատակիցներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար և մաղթում աշխատանքային հետագա հաջողություններ»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Միջոցառման մասնակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյա պատմության ուղին համառոտ ներկայացրեց նախարար Արտեմ Ասատրյանը և նշեց. «Աշխարհի ցանկացած պետություն, ի թիվս այլ հատկանիշների, բնութագրվում է իր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակով, բարոյական ու մարդասիրական նորմերի կենսունակությամբ, օգնության կարիք ունեցողի նկատմամբ իր վերաբերմունքով: Այս դրույթները կյանքի կոչելու նպատակով յուրաքանչյուր պետություն իր կայացման տարբեր ժամանակահատվածներում ձևավորել է սոցիալական համակարգեր, զարգացրել ու կայացրել դրանք: Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի սաղմերը հիմնադրվել են շատ վաղուց: Այն անցել է մեծ ճանապարհ՝ նորը համատեղելով հնի հետ»:

Շնորհակալություն հայտնելով համակարգի բոլոր աշխատակիցներին ու ոլորտի երախտավորներին՝ նախարարը ընդգծեց. «Սոցիալական աշխատողը պետության ներկայացուցիչն է այն մարդկանց համար, որոնք ունեն աջակցության կարիք: Հանդես գալով պետության անունից՝ դուք մարդկանց օգնում եք հավատալ, որ կյանքը կարող է և պետք է ավելի լավը լինի, և վերջապես՝ հենց ձեզնով է գնահատվում պետության վարած սոցիալական քաղաքականությունը»:

Միջոցառման ընթացքում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվեցին և խրախուսվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և հուշանվերով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված անվանակարգերին համաձայն ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀԱՍՀ նախարարի շնորհակալագրով և հուշանվերով:

 

← Վերադառնալ ցուցակին