Լուրեր

Հայաստանի և Իրանի վիճակագրական մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

06.12.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաև վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Իր հերթին, Ադել Ազարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և իրենց նպատակն է այդ փոխգործակցությունը ամրապնդել նաև վիճակագրության բնագավառում:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը:
Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության և Իրանի վիճակագրական կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու պետությունների վիճակագրական մարմինների միջև համագործակցության զարգացմանը:
Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, իրանական կոմից՝ Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարը:
Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի համագործակցել վիճակագրության տարբեր ուղղություններով: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել վիճակագրական տեղեկատվության և հրապարակումների փոխանակում և տարածում, փոխադարձ օժանդակության ցուցաբերում մեթոդաբանության ու հեռահաղորդակցման ուղղություններով:

← Վերադառնալ ցուցակին