Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահի հետ

05.12.2013

Դեկտեմբերի 4-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հնդկաստանի Հանրապետություն:

Դեկտեմբերի 5-ին Դելիում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին ընդունեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին: «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Հայաստանի խորհրդարանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը Հնդկաստան կնպաստի մեր երկու երկրների ու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության ամրապնդմանը», -ասաց Հնդկաստանի նախագահը: Նա բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները եւ համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին նախատեսվող պաշտոնական այցը Հնդկաստան նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին: Նա գոհունակությամբ նշեց, որ միջխորհրդարանական կապերը դինամիկ զարգանում են եւ կարեւոր համարեց համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը, առեւտրատնտեսական կապերի զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները եւ գոհունակությամբ փաստեց, որ հայ-հնդկական հարաբերությունները զարգացման նոր փուլ են ապրում համագործակցության տարբեր բնագավառներում: Նա կարեւորեց փոխգործակցության հետագա զարգացումը եւ խորացումը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսության, գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված մոտեցման համար եւ նշեց, որ Հայաստանը, իր հերթին, վերահաստատում է իր անփոփոխ դիրքորոշումը Քաշմիրի խնդրի վերաբերյալ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 2015 թվականին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն է եւ հույս հայտնեց, որ Հնդկաստանի խորհրդարանը կանդրադառնա այդ կարեւոր տարելիցին: Պարոն Աբրահամյանը երախտագիտություն հայտնեց հայ համայնքին Հնդկաստանի հասարակական կյանքում ներգրավվելու, վերջինիս նկատմամբ մշտապես ցուցաբերվող պետական հոգածության համար, ինչի շնորհիվ համայնքը պահպանել է իր ազգային ինքնությունն ու մշակութային առանձնահատկությունները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:  

← Վերադառնալ ցուցակին