Լուրեր

Դելիում հայ խորհրդարանականները հանդիպեցին իրենց գործընկերների հետ

05.12.2013

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հնդկաստանի խորհրդարանում հանդիպեցին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անանթ Կումարի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով հայ գործընկերներին` Անանթ Կումարը կարեւորեց խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ նշեց, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունը եւ նպաստում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը տարբեր ձեւաչափերով: Նա հայ խորհրդարանականներին ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, կազմը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նույնպես կարեւորեց երկու խորհրդարանների համագործակցության հետագա զարգացումը եւ նշեց, որ ԱԺ պատվիրակության այցը Հնդկաստան եւս մեկ քայլ է խորհրդարանական երկխոսությունը շարունակելու ուղղությամբ:

Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի նախագահ Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ բարեկամական խմբերի գործունեությունը եւ ակտիվ շփումները կարեւոր են խորհրդարանների միջեւ գործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար: Անանթ Կումարը տեղեկացրեց, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում եւս կստեղծվի Հայաստանի հետ բարեկամական խումբ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային տարբեր ատյաններում համագործակցության խորացումը, քննարկեցին տարածաշրջանային հարցեր եւ նախանշեցին հետագա համագործակցության հնարավորությունները: 

← Վերադառնալ ցուցակին