Լուրեր

Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին

04.12.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները: Հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մհեր Նավոյանին:
Շնորհավորելով արվետագետին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երաժշտարվեստի բնագավառում Մհեր Նավոյանի վաստակն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակից լինել մայրաքաղաքում ապրող և ստեղծագործող արվեստագետներին:
<<Քաղաքային իշխանության կողմից ձևավորվել է յուրօրինակ ավանդույթ՝ տարեվերջին բնակարաններ նվիրաբերել դրա կարիքն իսկապես ունեցող արվեստագետներին: Երկար տարիների երաժշտագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ Դուք Ձեր փորձն ու գիտելիքները փոխանցում եք սերունդներին, ինչն, անշուշտ, արժանի է գնահատանքի: Վստահ եմ, որ նոր բնակարանը արվեստի վաստակավոր գործչին լիարժեք ստեղծագործական գործունեություն ծավալելու հնարավորություն կտա>>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` մաղթելով արվեստագետին ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Մհեր Նավոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին իր վաստակը գնահատելու համար և նշել, որ սեփական բնակարան ունենալն իր համար անհնարին թվացող, բայց և անչափ կարևոր խնդիր է եղել: Արվեստագետը նաև հավելել է, որ, շարունակելով իր աշխատանքը, անելու է հնարավորը՝ հարազատ մայրաքաղաքի մշակութային կյանքի էլ ավելի զարգացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին