Լուրեր

Մայրաքաղաքում բացվել է <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցը

04.12.2013

 Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում բացվել է համաշխարհային ճանաչում ունեցող <<Հայաթ Փլեյս>> հյուրանոցային ցանցին պատկանող <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցը:
Նորակառույց հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Հյուրանոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, <<Ինտեռարմ-Մ>> ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանին և <<Hyatt International Company>> ընկերության փոխնախագահ Ֆրենկ Լևիին:
Հանրապետության նախագահը և Երևանի քաղաքապետը հյուրանոցի սեփականատիրոջ և հյուրանոցի կառավարումն իրականացնող <<Հայաթ Հոթելզ Քորփորեյշն>> ընկերության պատասխանատուի ուղեկցությամբ շրջել են միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղեկացել ստեղծված աշխատատեղերի և առաջարկվող ծառայությունների որակի մասին:
Նշվել է, որ <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում, և որ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:
Ակնկալվում է, որ <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցի մուտքը Հայաստանի շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ:

← Վերադառնալ ցուցակին