Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ

03.12.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովի հետ:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ առանձնակի կարևորելով Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ընդգծել է, որ այս տեսանկյունից հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրապես օրինակելի է:
<<Երկու քաղաքների համատեղ ջանքերի շնորհիվ Երևանի և Սանկտ Պետերբուրգի հարաբերություններն այսօր գտնվում են ամուր հիմքերի վրա: Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում և, հաշվի առնելով երկուստեք ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կյանքի կկոչենք բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովն իր հերթին ընդգծել է, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար մշտապես եղել են կարևոր ու հեռանկարային. <<Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև որպես գործընկեր քաղաք, ու մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերության նպատակային այն մոտեցումները, որոնք ակնհայտորեն դրսևորվում են Ձեր կողմից ու այդպիսով էլ ավելի ամրապնդում երկուստեք փոխշահավետ մեր հարաբերությունները>>,- նշել է Միխայիլ Մոկրեցովը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:

← Վերադառնալ ցուցակին