Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի արտգործնախարարին

03.12.2013

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցն էապես կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Նա գոհունակությամբ նշեց, որ հայ-իրաքյան հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ վերջին տարիների ընթացքում արձանագրվել է լուրջ առաջընթաց. գումարվել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստեր, վերաբացվել է Իրաքի դեսպանությունը Երեւանում: Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, որը նպաստում է փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների զարգացմանը, խթանում է փոխըմբռնման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը եւ նշեց, որ երկու երկրների գործարար շրջանականերն ունեն փոխադարձ հետաքրքրություն՝ ակտիվացնելու առեւտրատնտեսական կապերը, եւ արդեն իսկ, նկատելի է ծավալների զգալի աճ: Որպես Ազգային ժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ-իրաքյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իրաքի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը: Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը եւ նշեց, որ երկկողմ շփումները, բարեկամական խմբերի գործունեությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դերակատարաություն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին