Լուրեր
ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՄԻԱՑՅԱԼ ԽԱՉ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
02.12.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում: Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:
***
Լրացուցիչ տեղեկություններ
«Միացյալ խաչ» հուշարձանի վերաբերյալ
Երևան քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում ս.թ. դեկտեմբերի 2-ին տեղադրվել է «Միացյալ Խաչ» անունը կրող հուշարձան` որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ: Սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նյութի և գույնի ընտրությունը համահունչ է նրա իմաստային նշանակությանը, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը։
Այս հուշարձանի նույնատիպը 1997թ., Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:
Հուշարձանի պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո երջանկահիշատակ Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:
Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:
Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ: