Լուրեր

ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում

29.11.2013

Նոյեմբերի 29-ին շարունակվեցին ԱՊՀ ՄԽՎ աշխատանքները: Տավրիկյան պալատի Խորհրդարանական դահլիճում կայացավ ՄԽՎ լիագումար նիստը, որին մասնակցեց ԱԺ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նիստի ավարտից հետո կայացավ պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսը, որտեղ Հերմինե Նաղդալյանը պատասխանելով իրեն ուղղված հարցին , թե ինչպիսին են Հայաստանի պլանները Եվրասիական ինտեգրացիայի ուղղությամբ, նշեց, որ սեպտեմբերի 3-ին հրապարակվել է քաղաքական որոշումը ՄՄ եւ Եվրասիական տնտեսական տարածքին միանալու մասին, հոկտեմբերի 24-ին Մինսկում ՄՄ բարձրագույն խորհուրդը հաստատել է Եվրասիական հանձնաժողովի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրվելիք հուշագրի նախագիծը, որը եւ հաստատվեց նոյեմբերի 6-ին: Այժմ ստեղծվում է աշխատանքային խումբ անդամ երկրների եւ Եվրասիական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը փաստաթղթեր է մշակում, այդ թվում, գլխավոր ճանապարհային քարտեզ, որը պետք է հաստատվի դեկտեմբերյան նիստին: Այդպիսով ՀՀ-ն աշխատանքներ է կատարում ՄՄ-ին եւ Եվրասիական տարածքին միանալու ուղղությամբ:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցեց Ղազախստանի խորհրդարանի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից նախաձեռնած « Միջուկային անվտանգությունը արդի աշխարհում, խորհրդարանի դերը միջուկային զինաթափման եւ չտարածման գործընթացում» միջազգային կոնֆերանսին, որտեղ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով խորհրդարանի կողմից ձեռնարկված քայլերը եւ Հայաստանի դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման եւ միջուկային նորմերի տեսանկյունից լեգիտիմ համարվող բացառապես խաղաղ ատոմի օգտագործման ուղիների վերաբերյալ:

Երեկոյան ԱԺ պատգամավորները հանդիպում ունեցան Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայցուցիչների հետ՝ պատասխանեցին նրանց հուզող հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին