Լուրեր

Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը

29.11.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ՌԴ մայրաքաղաքի <<Արարատ Պարկ Հայաթ>> համալիրի ընդունելությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացված Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը:
Ընդունելությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի կառավարության անդամներ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գիտության, արվեստի և մշակույթի հայազգի և ռուս անվանի գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է ներկաներին և, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բոլորին Մոսկվայում Երևանի օրերի անցկացման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար:
Պաշտոնական ընդունելության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևանի և Մոսկվայի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին, Ռուսաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը և Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:
Այնուհետ ներկաները ջերմ և անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել շփվելու Երևանի քաղաքապետի հետ և իրենց տպավորությունները կիսելու Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագրի հետ կապված: Անխտիր բոլորը բարձր են գնահատել կազմակերպված միջոցառումների բազմազանությունը, ինչպես նաև դրանց ճաշակն ու որակը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ վերաբերմունքի և այն պատրաստակամության համար, որով ներկաներից շատերը հերթական անգամ գործնականում փաստել են երկու մայրաքաղաքների կապերի ամրապնդման հարցում իրենց անկեղծ նվիրումը:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Երևան կվերադառնա նոյեմբերի 29-ի երեկոյան:

← Վերադառնալ ցուցակին