Լուրեր
Գործարար համաժողով` Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում
28.11.2013
Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպվել է Երևան-Մոսկվա գործարար համաժողով: Համաժողովին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:
Համաժողովի շրջանակում ներկայացվել են երկու մայրաքաղաքների զարգացման հիմնական ուղղություններն ու քննարկվել Մոսկվայի և Երևանի միջև ստորագրված 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ և համաժողովի մոդերատոր Արմեն Հարությունյանն իր ելույթում ընդգծել է, որ Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված հարաբերությունները երկու մայրաքաղաքների քաղաքապետերի կողմից ստորագրված 2014-2016 թվականների համագործակցության նոր պայմանագրով կստանան նոր որակ, ինչն անշուշտ, կնպաստի առևտրատնտեսական ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի ակտիվացմանը: Ներկայացնելով Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու որոշ առաջարկներ՝ Արմեն Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը հեռանկարային կարող է լինել գործարար կապերի էլ ավելի ակտիվացման և ընդլայնման տեսանկյունից:
Մոսկվայի առևտրատնտեսական պալատի փոխնախագահ Սուրեն Վարդանյանն իր հերթին կարևորել է Երևանի հետ գործարար կապերի խորացումն ու համատեղ նոր ծրագրերի իրագործումը:
Գործարար համաժողովի շրջանակում ներկայացվել են նաև Երևանի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու քննարկվել Երևան-Մոսկվա զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել մանրամասն քննարկելու ծրագրային կոնկրետ առաջարկներ: