Լուրեր
Երևանի և Մոսկվայի քաղաքապետերը ստորագրել են երկու մայրաքաղաքների միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիր
27.11.2013
Մոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:
Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:
<<Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր համագործակցության տարբեր ծրագրերում: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս, շարունակելով և առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք էլ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ>>,-ընդգծել է Մոսկվայի քաղաքապետն ու կարևորել նաև երկու քաղաքների հարաբերությունների ընդլայնման հարցում Մոսկվայի հայ համայնքի դերը: Անդրադառնալով Մոսկվայում Երևանի օրերի անցկացմանը` Սերգեյ Սոբյանինը նաև հատկանշել է, որ այն ևս կարևոր նշանակություն ունի երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման հարցում և, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին նախորդ տարի Երևանում Մոսկվայի օրերի պատշաճ կազմակերպման և անցկացման համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ Տարոն Մարգարյանն իր հերթին նախ շնորհավորել է Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորելով բոլոր մակարդակներում երկուստեք հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ համոզմունք է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:
<<Վերջին տարիների մեր համագործակցությունը, որի շրջանակում իրականացվեցին մի շարք ծրագրեր, իսկապես արդյունավետ էր: Մեզ համար կարևոր են այն նախագծերի կյանքի կոչումը, որոնք նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Ու ես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մենք միասին, համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, այդ թվում նաև 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում նախանշված ուղղություններով նպատակային աշխատանքներ իրականացնելով>>,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նաև հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը, իր որդեգրած սկզբունքի համաձայն, բաց է ու պատրաստակամ՝ քննարկելու համագործակցության նոր, փոխշահավետ առաջարկներ:
Այնուհետ երկու մայրաքաղաքների քաղաքապետերը ստորագրել են Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:
Կողմերը մեկ անգամ ևս փաստել են, որ ծրագիրը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին շնորհակալություն է հայտնել Մոսկվայում Երևանի օրերի բարձր մակարդակով անցկացման համար և Սերգեյ Սոբյանինին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երևանում: