Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ

26.11.2013

Նոյեմբերի 26-ին Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա: Միջպետական հարաբերությունների ամրապնդման առումով Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված քաղաքական հարաբերությունները: Նա եւս անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը եւ խորացումը` համոզմունք հայտնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Արգենտինա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Պարոն Դոմինգեսը բարձր գնահատեց Արգենտինայի հայկական համայնքի նշանակությունը երկրի զարգացման գործընթացում եւ նշեց, որ արգենտինահայերը օրինակելի քաղաքացիներ են եւ իրենց ապրելակերպով ու մշակույթով լավագույն օրինակ են բոլորի համար:

ՀՀ ԱԺ նախագահը եւ Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը: Երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում: Կարեւորվեց փոխադարձ ներդրումների խրախուսումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Կողմերը անհրաժեշտ համարեցին միջազգային կառույցներում հետագա համագործակցության խորացումը:

ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում: 

← Վերադառնալ ցուցակին