Լուրեր
«Էրիքսոն»-ը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
22.11.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Էրիքսոն» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տեղական ներկայացուցչության ղեկավար Յան Քամփբելին: Կառավարության ղեկավարը կարևորել է «Էրիքսոն»-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ այն նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը:
«Էրիքսոն»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ընկերությունը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը մեր երկրում և այժմ դիտարկում է նոր նախագիծ:
Վարչապետը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել «Էրիքսոն»-ի գործունեությանը և ընդգծել, որ հեռահաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումը մեծապես կարևորվում է Հայաստանի կողմից:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում «Էրիքսոն»-ի նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Յան Քամփբելը ողջունել է այդ գաղափարը և շահագրգռվածություն հայտնել դիտարկել այն: