Լուրեր

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հետ

20.11.2013

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու եւ դեսպանորդ Գեորգի Սագանելիձեի հետ:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհավորեց Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ նախագահի երդմնակալության առթիվ: Տիկին Նաղդալյանը հույս հայտնեց, որ հայ եւ վրացի ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն, եւ կսերտանան շփումները:

Թենգիզ Շարմանաշվիլին փաստեց, որ նախագահական ընտրություններն անցել են խաղաղ եւ ազատ մթնոլորտում՝ ապահովելով բնակչության 46 տոկոսի մասնակցությունը: Նա ընդգծեց, որ հայերը եւ վրացիները ունեն ընդհանուր անցյալ եւ, վստահաբար, բարեկամական հարաբերություններ՝ ապագայում:

Աժ փոխնախագահը տեղեկացրեց Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մանանա Կոբախիձեի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին, ինչպես նաեւ խոսեց հայ եւ վրացի կին խորհրդարանականների հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին, որպեսզի քննարկեն տարածաշրջանի կանանց խնդիրները, խորհրդարանական կանանց դիքրորոշումները տարբեր ակտուալ հարցերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին առաջիկայում նախատեսվող հանդիպումներն ու համատեղ ծրագրերը, երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի համագործակցությանը, կրթությանը, մշակույթին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին