Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՋՈՆ ՔԵՐԻԻ ՀԵՏ
19.11.2013
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: