Լուրեր
Մամուլի ասուլիս խորհրդարանում
17.11.2013
Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփվեցին երկու հանձնաժողովների համատեղ նիստի արդյունքները:
Արտակ Զաքարյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարանների պատմության մեջ առաջին անգամ է նման համատեղ նիստ անցկացվում: Պարոն Զաքարյանի գնահատմամբ՝ այս ձեւաչափը պետք է դարձնել ավանդույթ, որպեսզի միմյանց օգնելու եւ փոխլրացնելու միջոցով հնարավոր լինի արագ հասնելու այն խնդիրների լուծմանը, որոնք Հայաստանը իր առջեւ դրել է Մաքսային միությանը անդամակցելու որոշմամբ եւ «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված գործընթացներն իրականացնելու համար: Նա ասաց, որ նիստի եւ կլոր սեղանի աշխատանքների ընթացքում խորհրդարանականները եւ փորձագետները մանրամասն քննարկել են Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հետ կապված խնդիրները՝ տնտեսական, քաղաքական, էներգետիկ եւ հեռահաղորդակցության ոլորտներում: Նիստի ընթացքում կարեւորվել է երկկողմ համագործակցությունը:
Լեոնիդ Սլուցկին ընդգծեց, որ եվրասիական ինտեգրումը պետք է դառնա ժողովրդական նախագիծ: Նրա համոզմամբ՝ մարդիկ պետք է զգան, որ եվրասիական ինտեգրումը անհրաժեշտ է եւ բարելավում է իրենց կյանքը: Պարոն Սլուցկին կարեւորեց նաեւ մշակութային եւ հումանիտար համագործակցությունը, մասնավորապես Հայաստանում ռուսերենի զարգացման ծրագրերը եւ հայ դպրոցների բացումը Ռուսաստանում: Նրա կարծիքով՝ քաղաքացիները պետք է տեղեկացվեն, թե ինչ է եվրասիական ինտեգրման ծրագիրը, եւ ինչ կտա այն իրենց:
Արտակ Զաքարյանը եւ Լեոնիդ Սլուցկին պատասխանեցին լրագրողների հարցերին: