Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի պատվիրակությանը

16.11.2013

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով եւ կարեւոր համարեց խորհրդարանական համագործակցության խորացումը: Նա գոհունակությամբ փաստեց երկու խորհրդարանների ակտիվ համագործակցությունը. վերջերս Երեւանում կայացավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը, իսկ վաղը Ազգային ժողովում տեղի կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների եւ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովների համատեղ նիստը: Նրա գնահատմամբ` Հայաստանի եւ Ռուսաստանի միջխորհրդարանական կապերը ստացել են համակարգված բնույթ , իսկ համագործակցության խորհրդարանական ձեւաչափը` հայ-ռուսական բազմավեկտոր փոխգործակցության գլխավոր բաղադրիչներից մեկը: Պարոն Աբրահամյանը կարեւոր համարեց երկու խորհրդարանների փոխգործակցության խորացումը հանձնաժողովների մակարդակով, ինչպես նաեւ Մաքսային միության շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նույնպես բարձր գնահատեց հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը: Երկկողմ հարաբերությունների խորացման գործում նա մեծապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս, կարեւորեցին խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: 

← Վերադառնալ ցուցակին