Լուրեր
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՑՈՒԳԻՈ ՄԱԿԻՄՈՏՈՅԻՆ
15.11.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել և պարգևատրել մեր ժամանակների ՏՏ ոլորտի ամենաակնառու ճարտարապետներից մեկին, ում ձեռքբերումներն այդ ոլորտում շրջադարձային եղան և ազդեցություն ունեցան մեր կյանքի բոլոր բնագավառների վրա: Մենք Հայաստանում մեծ նշանակություն ենք տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը. այսօր այն մեր ամենազարգացող ոլորտներից մեկն է»,-հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ Ցուգիո Մակիմոտոյի այցը Հայաստան կխթանի Ճապոնիայի հետ մեր երկրի համագործակցությունը, միաժամանակ մեծ ոգևորություն առաջացնելով ՏՏ ոլորտում աշխատող հայաստանցի մասնագետների մոտ, այդ թվում՝ բոլոր այն երիտասարդների, ովքեր մտածում են ապագայում զբաղվել հենց այդ տեխնոլոգիաներով:
Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և մեծ պատիվ համարել Հայաստանի կողմից նման վերաբերմունքի արժանանալը: «21-րդ դարում համաշխարհային մրցունակության մրցավազքում հաղթելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների դերը չափազանց կարևոր և մեծ է: Մաղթում եմ, որպեսզի Հայաստանը և Ճապոնիան կարողանան համագործակցության եզրեր ստեղծել այդ ոլորտում»,-ասել է Ցուգիո Մակիմոտոն: Նա նշել է, որ մտադիր է նախատեսվածից ավելի մնալ Հայաստանում և մոտիկից ծանոթանալ մեր երկրին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին:
Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը: Նամականիշերից մեկին պատկերված է ՀՀ Նախագահի մրցանակը, մյուսին՝ դափնեկրին տրվող հուշամեդալը, իսկ խորապատկերին պատկերված է սահմանների բացակայությունը խորհրդանշող երկրագունդը: Հիշյալ երկու նամականիշերից բացի կթողարկվի նաև փոստային բացիկ, որի վրա պատկերված կլինեն նախորդ երեք մրցանակակիրները:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Ցուգիո Մակիմոտոյի և տիկին Կումիկո Մակիմոտոյի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:
***
Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի վերաբերյալ
Ցուգիո Մակիմոտոն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի չորրորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:
***
Ցուգիո Մակիմոտո
«Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Հիտաչի ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ
(համառոտ կենսագրություն)
Դր. Մակիմոտոն Ճապոնիայի ՏՏ արդյունաբերության ամենաարդյունավետ տեսլական ունեցող մարդկանցից մեկն է: Նա ընդլայնել է տեխնոլոգիայի սահմաններն ասպարեզ բերելու արդի կիսահաղորդչային և արտապատկերող սարքեր պարունակող կառուցվածքային բլոկներ: Այդ կառուցվածքային բլոկները խթանել են էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը և ստեղծել են այն էլեկտրոնային սարքերի մեծ մասը, որոնք 1970-ներից մինչ այժմ փոխել են աշխարհը և ազդեցություն են ունեցել մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մոտեցումները փոփոխող տարաբնույթ ապրանքների և հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Smart քարտեր, Smart հեռախոսներ, էլեկտրոնային գրքեր, համակարգչային տաբլետներ, GPS նավիգացիոն համակարգեր, սերվերներ, համակարգիչներ, HDTV, հեռահաղորդակցություն, ռոբոտիքս և ավտոմատացում, էլեկտրոնային խաղեր, բջջային սարքեր, ինտերնետ, սոցիալական ցանցեր և այլն:
Նրա հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն տվեցին նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին:
«Հիտաչի» ընկերությունում Ցուգիո Մակիմոտոն ծառայել է որպես ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն: Այդ ժամանակից ի վեր նա ակտիվ գործունեություն է ծավալել բարձր տեխնոլոգիաների միջազգային և արդյունաբերական խմբերի տարբեր պաշտոններում, այդ թվում որպես Sony Corporation ընկերության ավագ կորպորատիվ խորհրդական, Սինգապուրի Ազգային գիտության և տեխնոլոգիայի խորհրդի խորհրդատվական կոմիտեի անդամ, Սինգապուրի Chartered Semiconductor Manufacturing ընկերության խորհրդի տնօրեն, UC Berkley համալսարանի արդյունաբերության խորհրդատվական խորհրդի անդամ, PDF Solutions ընկերության նախագահ, նա նաև նշանակալից դեր է ունեցել World SC խորհրդի հիմնադրման գործում:
Ներկայումս նա Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության տնօրենն է և «Թեքնո վիժն» ընկերության հիմնադիրն ու նախագահը: Նա նաև բարձրաստիճան խորհրդակցական պաշտոններ է զբաղեցնում մի շարք միջազգային ընկերություններում, ինչպիսիք են Taiyo Nippon Sanso Corp, Micronics Japan Corp և ԱՄՆ-ի Nantero Corp.:
Մակիմոտոն ունի կիրառական ֆիզիկայի բակալավրի աստիճան Տոկիոյի համալսարանից, էլեկտրոնային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան Ստենֆորդի համալսարանից, ինչպես նաև գիտությունների թեկնածուի աստիճան Տոկիոյի համալսարանից: 1997թ.-ից նա առաջադրվել և դարձել է IEEE պատվավոր անդամ:
Նա արժանացել է տարբեր միջազգային մրցանակների, ինչպիսիք են IR-100 Award, Ichimura Award և Bellwether Award: Նա նաև մի շարք գրքերի և հրատարակությունների հեղինակ է: