Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարարին

12.11.2013

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանին:

Կարեւորելով նախարարի այցը Հայաստան` ԱԺ նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման հետ միասին կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, համագործակցությունը զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Բարձր գնահատելով Ուրուգվայի ազդեցիկ հայ համայնքի դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում` Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց հայ համայնքի հանդեպ Ուրուգվայի իշխանությունների որդեգրած քաղաքականության համար: «Երկու երկրների հարաբերությունների հիմքում ընկած է հայ եւ ուրուգվայցի ժողովուրդների ավանդական բարեկամությունը»,-նշեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց այն փաստը, որ Ուրուգվայի խորհրդարանը առաջինն էր աշխարհում , որ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լիլիան Քեշիշյանը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նախարարը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր բանագավառներում եւ նշեց, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների ակտիվացման ուղղություններից կարող է լինել զբոսաշրջության զարգացումը եւ պատրաստակամություն հայտնեց այս բնագավառում կուտակված փորձը փոխանցել հայ գործընկերներին: Նա նույնպես կարեւոր համարեց փոխգործակցությունը մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում: Տիկին Քեշիշյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկում կառավարության աջակցությամբ կբացվի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված թանգարան:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին