Լուրեր

Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

12.11.2013

Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Գյումրիի մի շարք դպրոցների եւ վարժարանների սաներին եւ ուսուցիչներին:

Այնուհետեւ օրենսդիրները շարունակեցին ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» եւ կից փաթեթում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված հոդվածների վերաբերյալ մտքերի փոխանակությունը: Փաթեթը քննարկվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ փաթեթը լրամշակվել է, ընդունվել է առաջարկների մի մասը:

Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ օրինագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Բարձր գնահատելով կատարված աշխատանքը, Դավիթ Հարությունյանը նաեւ նշեց, որ, այնուամենայնիվ, փաթեթում տեղ չեն գտել պատգամավորների ներկայացրած որոշ սկզբունքային եւ կարեւոր առաջարկներ, որոնց վերաբերյալ դրական դիրքորոշում են արտահայտել նաեւ հանձնաժողովի անդամները: Որպեսզի հետագայում կանխվեն նման իրավիճակները եւ պատգամավորները կարողանան օրինագծերը համալրել սկզբունքային եւ իրենց համար ընդունելի առաջարկներով, Դավիթ Հարությունյանը գործընկերներին առաջարկեց հետագայում փոփոխություններ կատարել ԱԺ Կանոնակարգ-օրենքում:

Խորհրդարանը քննարկեց ՀՀ Նախագահի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի մայիսի 2-ին: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ասաց, որ պայմանագրով նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 5 մլն եվրո գումարի վարկ, 20 տարի մարման ժամկետով, որից 4-ը՝ արտոնյալ: Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, իրականացվել են նախատեսված բարենորոգումները: Տրվելիք 5 մլն եվրոն կուղղվի նվազեցնելու մետրոպոլիտենի թունելներում ջրի ներհոսքը, բարելավելու թունելների վիճակը եւ բարձրացնելու տեխնիկական սպասարկումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը պայմանագրի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Դրական էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը. այն ներկայացրեց Խոսրով Հարությունյանը:

Հաջորդ հարցը, որը քննարկեցին օրենսդիրները, 2013 թվականի հուլիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրն էր, որը եւս ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նշվեց, որ նախատեսվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ստանալ 7 մլն ԱՄՆ դոլար գումարի վարկ, որը տրվելու է 15 տարով, որից 3-ը՝ արտոնյալ: Վարկն ուղղվելու է Երեւանի ջրամատակարարման բարելավման աշխատանքներին:

Համաձայնագրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն նոյեմբերի 13-ի նիստում:

Երկրորդ նիստում խորհրդարանը ԱԺ Կանոնակարգի համաձայն քննարկեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից արտահերթ համարված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը Զարուհի Փոստանջյանն է: Նա նշեց, որ նախագիծը մշակվել է դեռեւս 2007 թվականին եւ կազմված է երկու հոդվածից՝ առաջին՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» եւ երկրորդ՝ նշվում է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Հեղինակի խոսքով, այսօր եկել է պահը, երբ անհրաժեշտ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչը կարող է ազդակ հանդիսանալ այլ պետությունների համար՝ ճանաչելու ԼՂՀ-ը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հարակից ելույթում տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, սակայն դրա վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվել, քանի որ հանձնաժողովի անդամների մի մասը նպատակահարմար չի համարել քվեարկել: Արտակ Զաքարյանն աննպատակահարմար համարեց այս պահին նման նախագծի քննարկումը, քանի որ, ըստ նրա, այն կարող է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ ադրբեջանական կողմին մղել վերսկսելու ռազմական գործողությունները:

Հարակից ելույթով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով նույնպես ներկա փուլում աննպատակահարմար համարեց նախագծի քննարկումը: Ըստ նրա՝ նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի վրա եւ հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից:

Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու տեսակետներն արտահայտեցին պատգամավորները Ն ախագծին կողմ արտահայտվեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը մասնավորապես տեղեկացրեց, որ «ՀՅԴ» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: Լեւոն Զուրաբյանն էլ տեղեկացրեց, որ «ՀԱԿ» խմբակցությունը նախագիծը համարում է ժամանակավրեպ, ուստի չի մասնակցելու քվեարկությանը:

Նախագծին դեմ արտահայտվեցին պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Արտակ Դավթյանը, ովքեր, ժամանակավրեպ համարելով նախագիծը, նշեցին, որ այն կխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ ծանր հետեւանքներ կունենա տարածաշրջանում: Պատգամավորներն առաջարկեցին նախագիծը հանել շրջանառությունից:

Եզրափակիչ ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ ԱԺ լիագումար նիստում տեղի ունեցած քննարկումներն ամրապնդեցին հանձնաժողովի տեսակետը եւ ապացուցեցին, որ չի կարելի նման պատասխանատու եւ ճակատագրական նշանակություն ունեցող խնդիրներին վերաբերվել նման թեթեւությամբ:

Իսկ նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը, չանսալով գործընկերների՝ նախագիծը շրջանառությունից հանելու հորդորներին, նշեց, որ մնում է իր կարծիքին եւ այն չի հանում օրակարգից:

Նշենք, որ ԱԺ նիստին զուգահեռ տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման քվեարկությունը: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու համար առաջադրվել էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը:Բացելով քվեատուփը, ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ 131 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, Իշխան Զաքարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ է քվեարկել 13 պատգամավոր: Այսպիսով, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվել Իշխան Զաքարյանը: Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքին չի մասնակցել ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը, քանի որ վերոհիշյալ խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Վերահսկիչ պալատի նորանշանակ նախագահին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք եւ համագործակցություն Ազգային ժողովի հետ:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին եւ Ազգային ժողովին՝ իր թեկնածության առաջադրման եւ տրված վստահության քվեների համար, նշելով, որ իր համար երկրորդ անգամ նշանակվելն առավել պարտավորեցնող է: Նա համոզմունք հայտնեց, որ կիրականացնի իր ծրագրերը, եւ գործունեության արդյունքները տեսանելի կլինեն:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին: 

← Վերադառնալ ցուցակին