Լուրեր
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը
12.11.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող ցուցահանդես-համաժողովում առանձին տաղավարներով ներկայացված են երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություններ՝ Երևանից և մարզերից։
Վարչապետը ՀՀ երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով՝ ծանոթացել կազմակերպությունների գործունեությանն ու ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում կարևորելով վերջիններիս աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել «Փրկություն» հասարակական կազմակերպության գործունեությունն՝ ուղղված անապահով ընտանիքների երեխաներին:
Եռօրյա ցուցահանդես-համաժողովում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները կկազմակերպեն տարբեր քննարկումներ՝ բարձրացնելով այդ ոլորտում իրականացվող գործունեության մասին տեղեկացվածությունը, նպաստելով նաև երիտասարդական և ուսանողական կառույցների համագործակցությանը պետական, միջազգային կազմակերպությունների հետ:
Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի տեղեկատվական գրքույկ մասնակիցների վերաբերյալ, նախատեսվում է նաև ընդունել հայ երիտասարդության խնդիրների մասին հայտարարագիր: