Լուրեր

Տիգրան Սարգսյանը պատասխանել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին հուզող հարցերին

09.11.2013

 Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը Ծաղկաձորում հանդիպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված կուսակցական եռօրյա ճամբարի մասնակիցներին: Հավաքի ընթացքում, որը կազմակերպվել է երիտասարդության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, երիտասարդ կուսակցականներին են ներկայացվել ընտրությունների միջոցով ընտրված ՀՀԿ տարածքային կազմակերպությունների նոր ղեկավարները:
Դիմելով երիտասարդ կուսակցականներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք ձեր կյանքում բավականին համարձակ որոշում եք ընդունել, որովհետև կուսակցական գործունեությունը նշանակում է մտնել մի նոր կարևոր ուղի, այսուհետ ցանկացած քաղաքական հարց գտնվելու է ձեր ուշադրության կենտրոնում: Կուսակցական դառնալն առաջին հերթին նշանակում է, որ կան գաղափարներ, որոնց իրականացման համար դուք ցանկանում եք պայքարել: Մենք պետք է միասին կարողանանք ադեկվատ պատասխանել առկա մարտահրավերներին, որպեսզի ապահովենք մեր ժողովրդի և պետության բարեկեցությունը»:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը պատասխանել է երիտասարդ կուսակցականների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաև տնտեսության տարբեր բնագավառներին:
ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումը բազմագործոն է և այդ որոշման վրա ազդել են բազմաթիվ հանգամանքներ: «Այն աշխարհաքաղաքական դիրքը, որում գտնվում է Հայաստանը, ունի հետևյալ հատկանիշները: Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են ՀՀ-ի տնտեսական և քաղաքական բլոկադա: Սա երկարաժամկետ գործոն է, որը բարձրացնում է տարածաշրջանային ռիսկերը: Միջազգային սանկցիաներն Իրանի նկատմամբ նույնպես սահմանափակում են մեր շփման հնարավորությունները: Վրաստանում ստեղծված իրավիճակը նույնպես իր ազդեցությունն է թողնում մեր տարածաշրջանում առկա մթնոլորտի վրա: Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը համարվում է բարձր քաղաքական ռիսկայնությամբ տարածաշրջան և, օրինակ, միջազգային կազմակերպությունները, երբ գնահատում են ՀՀ-ի վարկունակությունը, առաջին հերթին դիտարկում են աշխարհաքաղաքական ռիսկերը: Մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք հաշվի առնել այս ամենը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինը՝ ՀՀ վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատավոր է դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները, ստեղծել համագործակցության բարենպաստ պայմաններ ՌԴ-ի, ԱՊՀ երկրների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Միևմույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է լավ հարաբերություններ ձևավորել իր հարևանների հետ, խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով: «Մեր գերակա խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դրանից էլ բխում է, որ մեր քաղաքացիների անվտանգությունը մեզ համար ունի առաջնային նշանակություն: Մեր անվտանգության դոկտրինն այս պահի դրությամբ կառուցված է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցության սկզբունքի վրա: Հայաստանի
անվտանգության համակարգն ամբողջությամբ հիմնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հայեցակարգի վրա, իսկ այդ ռազմական բլոկի առանցքը ՌԴ-ն է: Ըստ էության, ՀԱՊԿ-ը հանդիսանում է նաև ՀՀ-ի անվտանգության կարևորագույն երաշխիք ապահովող ինտիտուտներից մեկը: Գնալով այդ կառույցն ուժեղանում է, հստակեցնում իր ռազմական գործառույթները տարածաշրջանում և երաշխավորում է նաև ՀՀ-ի անվտանգությունը՝ երրորդ ուժերի կողմից ոտնձգությունների դեպքում»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ոազմավարական համագործակցության բնույթը ՌԴ-ի հետ հիմնվում է նաև երկկողմ տնտեսական համագործակցության վրա: Այսօր ՌԴ-ն ՀՀ-ում թիվ մեկ ներդրողն ու մեր երկրի առևտրային գործընկերն է:
«ՄՄ-ին անդամակցելու երրորդ հանգամանքն այն աշխարհընկալումն ու մշակութային արժեքներն են, որոնց հիման վրա էլ ձևավորվում է մեր երկարաժամկետ համագործակցությունը ՌԴ-ի հետ: Ռուսաստանն այսօր իրականացնում է նոր ռազմավարություն` միասանական տնտեսական տարածքի ձևավորում: Ապրանքային բոլոր հոսքերը, աշխատուժը, կապիտալը և ծառայություններն ազատ պետք է տեղաշաժվեն ՄՄ-ի անդամ երկրներում, այսինքն՝ ձևավորվում է ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակ: Դա նշանակում է, որ ՄՄ-ի անդամները պետք է միասնական վերաբերմունք դրսևորեն երրորդ երկրների նկատմամբ: Եթե մենք չմասնակացենք այդ գործընթացներին՝ ՄՄ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունները կենթադրեն որոշակի պատնեշների հաղթահարում, որոնք լինելու են օբյեկտիվ: Դրանք արտացոլվում են տեխնիկական կանոնակարգերում, սահմանի հատման գործընթացում, մաքսազերծման և այլն գործառույթներում, ինչը միանշանակ կվատթարացնի Հայաստանի բիզնես միջավայրը և կբարձրացնի գործառնական ծախսերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ Հայաստանի համար տնտեսապես ավելի ձեռնտու է հայտնվել այս տնտեսական տարածքում, ինչը բարենպաստ միջավայր կստեղծի նաև ներդրումների, սպառազինությունների, ռազմավարական նշանակություն ունեցող հումքային ռեսուրների ձեռքբերման համար: «Սրանք այն ակնհայտ դրական գործոններն են, որոնք ունեն հիմնարար նշանակություն: Մեր որոշումը կշռադատված է, որովհետև այն թույլ կտա լուծել ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ, տարածաշրջանում ապահովել կայունություն, իսկ դա առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ներդրումների և տնտեսության զարգացման համար»,- նշել է ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով ռազմական արդյունաբերության զարգացման վերաբերյալ հարցին՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը վերջերս հաստատել է այդ ոլորտի զարգացման հայեցակարգը: Դրանով նախատեսված միջոցառումներով ոչ միայն սպառազինություն է մատակարարվելու հայկական բանակին, այլև արտահանվելու է:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բիզնես միջավայրի բարելավմանը, երիտասարդ ընտանիքների համար բնակարանաշինությանը, ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը շնորհակալագրեր և խրախուսական նվերներ է հանձնել ՀՀԿ երիտասարդական կառույցների արդեն նախկին ղեկավարներին և հույս հայտնել, որ նրանք հետագայում ևս հաջողությամբ կշարունակեն իրենց կուսակցական գործունեությունը:

← Վերադառնալ ցուցակին