Լուրեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ

08.11.2013

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ: Պարոն Հենլոնը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյակի եւ ՀՀ ԱԺ համագործակցությունը: Նա ներկայացրեց ԵԱՀԿ գրասենյակի նոր նախաձեռնությունները: Ուիլյամ Հենլոնը նշեց, որ կատարվել է ՀՀ օրենսդրական գործընթացի նախնական գնահատում, եւ գրասենյակի դիտարկումները կներկայացվեն նոյեմբերի 18-ին կազմակերպվող շնորհանդեսի ընթացքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԺ փոխգործակցությունը, փաստեց, որ օրենսդրական գործընթացի կատարելագործումը պիտի շարունակական լինի:
Ուիլյամ Հենլոնը նշեց, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների հանդիպում, որը կազմակերպում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Տիկին Նաղդալյանն առաջարկեց կազմակերպել նաեւ այլ ձեւաչափերով պատգամավորների հանդիպումներ եւ քննարկումներ, մասնավորապես, հայ եւ վրացի խորհդարանական կանանց, ինչպես նաեւ կուսակցություններում ներգրավված կանանց հանդիպումներ: Փոխնախագահի կարծիքով՝ նման հանդիպումները կնպաստեն տարածաշրջանի խնդիրների խաղաղ կարգավորմանը: Քննարկվեցին նաեւ ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետագա համագործակցության այլ ուղղություններ: 

← Վերադառնալ ցուցակին